Իրանը հարվածել է Բահրեյնի և Քուվեյթի ամերիկյան ռազմական օբյեկտներին – armeniatoday.am

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հարվածել է ԱՄՆ ռազմական օբյեկտներին Բահրեյնում և Քուվեյթում՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո, հաղորդում են Reuters-ը և Associated Press-ը։

Tasnim-ի տվյալներով՝ ԻՀՊԿ-ն հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով հարվածել է ԱՄՆ 85 ռազմական թիրախի՝ Բահրեյնում և Քուվեյթում։ Թիրախների թվում են Բահրեյնում ԱՄՆ հինգերորդ նավատորմի հետ կապված օբյեկտներ և Քուվեյթի Ալի ալ-Սալեմ ավիաբազան։ ԻՀՊԿ-ն նաև հայտնել է ամերիկյան MQ-9 անօդաչուի խոցման մասին։

ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը հայտնել է, որ ամերիկյան ուժերը հարվածել են Իրանում ավելի քան 80 թիրախի։ Վաշինգտոնի տվյալներով՝ գործողությունը պատասխան էր Հորմուզի նեղուցում երեք առևտրային նավի վրա Իրանի հարձակումներին։ Թիրախների թվում էին ՀՕՊ համակարգեր, հրամանատարական ենթակառուցվածքներ, ափամերձ ռադարներ, հակառակորդի նավերի դեմ կիրառվող հրթիռային կարողություններ և ԻՀՊԿ-ի ավելի քան 60 փոքր նավակ Հորմուզի նեղուցի շրջանում։

Կատարը դատապարտել է Al Rekayyat տանկերի վրա հարձակումը և բողոքի նոտա է փոխանցել Իրանի դեսպանի տեղակալին։ Դոհան հարձակումը որակել է միջազգային նավագնացության անվտանգության խախտում և սպառնալիք էներգետիկ անվտանգությանը։

AP-ի փոխանցմամբ՝ Օմանի ափերի մոտ մեկ տանկեր հարվածից հետո հրդեհվել է, ևս երկու նավ վնասվել է, սակայն շարունակել է ընթացքը։ Տուժածների մասին չի հաղորդվել։ Բահրեյնում և Քուվեյթում հնչել են օդային տագնապի ազդանշաններ։ Քուվեյթի բանակը հայտնել է, որ երկրի ՀՕՊ համակարգերը դիմակայում են «թշնամական» հրթիռային և անօդաչու հարձակումներին։

Իրանը ԱՄՆ-ի հարվածները որակել է որպես պայմանավորվածությունների խախտում։

ԱՄՆ-ն նաև չեղարկել է Իրանի նավթի վաճառքի համար նախատեսված ժամանակավոր արտոնագիրը։ Որոշումից հետո նավթի գները բարձրացել են ավելի քան 3%-ով։

Հորմուզի նեղուցում լարվածությունը սրվել էր ԱՄՆ-Իրան բանակցությունների ֆոնին։ ԱՄՆ պաշտոնյաներն Իրանին մեղադրել էին առևտրային նավերի վրա հարձակումների մեջ, իսկ UKMTO-ն հայտնել էր Օմանի ափերի մոտ տանկերի խոցման մասին։

Leave a Comment