Գրենլանդիան պետք է վերահսկվի ԱՄՆ-ի կողմից. Թրամփ – armeniatoday.am

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թուրքիայում ընթացող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում վերահաստատել է իր դիրքորոշումը, որ կղզին պետք է անցնի Վաշինգտոնի վերահսկողության տակ, ինչը դաշնակիցների շրջանակում նոր լարվածության պատճառ է դարձել, հայտնել է Reuters-ը։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ Թրամփը լրագրողներին հայտնել է, որ Գրենլանդիան կարևոր նշանակություն ունի ԱՄՆ-ի համար, քանի որ այն շրջապատված է չինական ու ռուսական նավերով, մինչդեռ Դանիան բավարար միջոցներ չի ծախսում տարածքին աջակցելու համար։

Այս հայտարարություններին ի պատասխան՝ Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը հորդորել է դաշնակիցներին հարգել թագավորության ինքնիշխանությունը և ընդգծել, որ Գրենլանդիան վաճառքի ենթակա չէ։ Իր հերթին Գրենլանդիայի արտաքին գործերի նախարար Մուտե Էգեդեն հայտարարել է, որ կղզու ապագան պետք է որոշի բացառապես տեղի ժողովուրդը։

Չնայած առկա տարաձայնություններին, ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի փոխանցմամբ, Վաշինգտոնի բանակցությունները Դանիայի և Գրենլանդիայի հետ շարունակվում են ամենամսյա կտրվածքով։

Դեռևս այս տարվա փետրվար ամսին Վաշինգտոնում կայացած ընդունելության ժամանակ Սպիտակ Տան ղեկավարը կատակել էր, թե Գրենլանդիան կդառնա Միացյալ Նահանգների 52-րդ նահանգը՝ ընդգծելով, որ կղզի ներխուժելու մտադրություն չկա, և հարցը կհամաձայնեցվի։ Չնայած նախագահի պարզաբանմանը, որ ասվածը հումոր էր, նա նախկինում բազմիցս հայտարարել է տարածքն ԱՄՆ-ին միացնելու ցանկության մասին, ինչը Դանիայի և Գրենլանդիայի իշխանությունները կտրականապես մերժում են։

Leave a Comment