Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Մարիամ Կվրիվիշվիլին հայտարարել է, որ կառավարությունը Անակլիայի նավահանգստի զարգացման մոդելը փոխել է։
Այն կկառուցվի այսպես կոչված «Landlord» սկզբունքով, ինչը նշանակում է, որ կառավարությունը կհանդիսանա նավահանգստի հարյուր տոկոսանոց սեփականատերը, իր միջոցներով կստեղծի բոլոր անհրաժեշտ ենթակառուցվածքները, իսկ «նավակառանները և թերմինալները վարձակալությամբ կտրամադրի մի քանի ընկերությունների»։
Այս տեղեկությունը փոխանցելով՝ saqinform-ը իր կողմից հավելել է, որ այդպիսով «նախագծից դուրս է մնացել նաև չինական « CCCC» ընկերությունը, որը 2024 թվականին ճանաչվել է միջազգային մրցույթի հաղթող»։
Ըստ երևույթին, «նավահանգստի զարգացման մոդելի փոփոխության» բուն նշանակությունը կայանում է հենց դրանում, որպեսզի Սեւ ծովի այդ կարեւորագույն նավահանգստի վերահսկողությունը չանցնի Չինաստանին։
Դիտարժան է, որ Անակլիա նավահանգստի «զարգացման մոդելի փոփոխությունը» հաջորդել է ԱՄՆ պետական դեպարտամենտի պատվիրակության Վրաստան այցին, որ տևել է մի քանի օր։
Ի տարբերություն Եվրամիության, Միացյալ Նահանգները, թեև ոչ ուղղակի, բայց սկզբունքորեն ճանաչում է «Վրացական երազանքի» կառավարության լեգիտիմությունը, արտահերթ խորհրդարանական ընտրությունների խնդիր չի հարուցում։
Այդուհանդերձ, Միացյալ Նահանգները, երևում է, Վրաստանում ամենասկզբունքային փոփոխության է հասել։ Կարելի է ենթադրել, որ Անակլիա նավահանգստի ամբողջական ենթակառուցվածքների համար Վրաստանի կառավարությունը ֆինանսական աջակցություն կստանա Միացյալ Նահանգներից։ Ի՞նչ ընկերություններ կիրականացնեն բեռնափոծադրումները, վաղ է կանխատեսել։
Շատ էական է, որ Վրաստանի կառավարությունը փաստացի Անակլիայի ծրագրից Չինաստանին «զեղչել» է։ Դա նշանակում է, որ կարևորագույն նշանակության տրանսպորտային այդ հանգույցի ոչ ուղղակի վերահսկողությանը չի ներգրավվի նաև Ռուսաստանը։
Հնարավոր է, որ Չինաստանը վերանայի իր լոգիստիկ քաղաքականությունը, բայց Կենտրոնական Ասիայի երկրների հետ Վրաստանի աննախադեպ ակտիվ շփումները վկայում են, որ նրանք Վրաստանի նավահանգիստներով Եվրոպային կապվելու շահառուներ են։
Ըստ երևույթին, Անակլիային «տիրանալուց հետո» Միացյալ Նահանգները կաշխատեն TRIPP երթուղին նաև Սև ծովի վրացական նավահանգիստներին կապելու ուղղությամբ։