Այս ֆոնին, կարծես, անտեսվեց, որ Ադրբեջանը օկուպացված Շուշիում «Մշակութային և էթնիկ բազմազանություն, պատմության դասերը և արդի մարտահրավերները» խորագրով «գիտա-գործնական խորհրդաժողով» է անցկացրել, որին մասնակցել են ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Լիտվան, Լեհաստանը, Չեխիան, Գերմանիան, Իսրայելը, Թուրքիան և Վրաստանը ներկայացնող գործիչներ։
Միջոցառումը երկու հիմնական ուղերձ է հղել: Ռուսաստանը պետք է ճանաչի չերքեզների ցեղասպանությունը և վերջ տա Ուկրաինայի դեմ պատերազմին էթնիկ փոքրամասնություններին «հարկադիր ներգրավելու քաղաքականությանը»։
2018 թ․ հուլիսի 2-ին Ռուսաստանի պետական դումայի պատգամավորների մասնակցությամբ Ջեբրայիլի Ջոջուկ Մերջանլի գյուղում կազմակերպվել է «Հարավային Կովկասում ՌԴ միակ դաշնակիցը Ադրբեջանն» է գիտաժողով։ Հետագա ռազմա-քաղաքական իրադարձությունները ծավալվել են ռուս-թուրքական «բարդ օպերացիայի և սիներգիայի» շրջանակներում։
Մի քանի տարի առաջ ոչ ոքի մտքից իսկ չէր անցնի, որ Ադրբեջանը Ռուսաստանին չերքեզների ցեղասպանության մեղադրանք կներկայացնի և կոչ կանի վերջ տալ ուկրաինական պատերազմին էթնիկ փոքրամասնությունների «հարկադիր ներգրավմանը»։
Չպետք է կասկածել, Շուշիի «գիտա-գործնական խորհրդաժողովի» բոլոր ձեւակերպումները Իլհամ Ալիևի աշխատակազմում գրաքննություն են անցել։ Ադրբեջանը նախապատրաստվում է հետկոնֆլինկտային Ռուսաստանի հետ հարաբերություններին և քաջ գիտի, որ Ուկրաինական պատերազմը ֆորմալ ինչ կարգավորում էլ որ ունենա, Ռուսաստանը «պարտված» է։ Շուշիի «գիտա-գործնական խորհրդաժողովը» արձանագրել է, որ Ադրբեջանը փակում է «ռուսական օկուպացիայի» էջը։
Ի՞նչ «մատրիցա» է մշակում Հայաստանը։ «Թավշյա հեղափոխությունը» տեղի է ունեցել 2018 թ․-ին։ 2028 -ին լրանում է Թուրքմենչայի պայմանագրի 200-ամյակը։ Եթե այն չի նշվելու որպես Արևելյան Հայաստանի ազատագրման հոբելյան, ապա քաղաքական ի՞նչ իմաստ է ունենալու։ Ժամանակը չափազանց սուղ է, իսկ որոշումը Հայաստանի պետական գոյության համար ճակատագրական է։
Կարդացել են
1 անգամ