ՖԻՖԱ-ն պաշտպանել է բրազիլացի մրցավարին՝ Թրամփի քննադատությունից հետո

ՖԻՖԱ-ն պաշտպանել է բրազիլացի մրցավարին՝ Թրամփի քննադատությունից հետո

ՖԻՖԱ-ն և կազմակերպության մրցավարական կոմիտեն հանդես են եկել հայտարարությամբ՝ ի պաշտպանություն բրազիլացի մրցավար Ռաֆայել Կլաուսի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քննադատական հայտարարություններից հետո։

«ՖԻՖԱ-ն Ռաֆայել Կլաուսին ճանաչում է որպես աշխարհի առաջատար պրոֆեսիոնալ մրցավարներից մեկը և աշխարհի առաջնության մրցավարական թիմի արժեքավոր անդամ։ Իր ամբողջ կարիերայի ընթացքում նա հետևողականորեն ցուցադրել է պրոֆեսիոնալիզմի և ազնվության ամենաբարձր չափանիշները»,- նշվում է կազմակերպության հայտարարության մեջ։

ՖԻՖԱ-ի մրցավարական կոմիտեի նախագահ Պիերլուիջի Կոլինան ևս վստահություն է հայտնել բրազիլացի մասնագետին։ «Ռաֆայել Կլաուսն աշխատում է իր երկրորդ աշխարհի առաջնությունում՝ 2022 թվականի Կատարի մրցաշարից հետո։ Նա փորձառու և մեծ հարգանք վայելող մրցավար է։ Մենք լիովին վստահում ենք նրան՝ որպես հանդիպման պաշտոնական ներկայացուցչի»,- ասել է Կոլինան։

Ավելի վաղ Դոնալդ Թրամփը քննադատել էր Կլաուսի աշխատանքը՝ ակնարկելով, որ նրա հեղինակությունը կասկածի տակ է։ Հիշեցնենք, որ հենց Ռաֆայել Կլաուսն էր ԱՄՆ հավաքականի հարձակվող Ֆոլարին Բալոգունին հեռացրել Բոսնիայի և Հերցեգովինայի դեմ խաղից։ Հետագայում այդ կարմիր քարտի հիմքով սահմանված որակազրկումը չեղարկվել էր, ինչը մեծ աղմուկ էր առաջացրել ֆուտբոլային հանրությունում։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment