
Բրազիլիայի ԱԳՆ-ն հնարավոր է համարել, որ ԱՄՆ-ն կարող է ռազմական ուժ կիրառել երկրի դեմ՝ Վաշինգթոնի կողմից PCC և Comando Vermelho խմբավորումները օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություններ ճանաչելուց հետո։ CNN Brasil-ի հաղորդմամբ՝ այս մասին ասվում է Բրազիլիայի ԱԳ նախարար Մաուրու Վիեյրայի՝ պատգամավորների հարցումներին ուղղված պատասխանում։
«Բրազիլիայի տարածքում Միացյալ Նահանգների կողմից ռազմական ուժի կիրառման հնարավորություն կա»,- նշվում է փաստաթղթի մեջ։
Բրազիլիայի ԱԳՆ-ն նշել է, որ ԱՄՆ որոշումը «կոնկրետ օգուտներ» չի բերի կազմակերպված հանցավորության դեմ պայքարում երկկողմ համագործակցությանը, քանի որ այս խմբավորումների նախկին կարգավիճակն արդեն թույլ էր տալիս Վաշինգթոնին և Բրազիլիային փոխանակվել տեղեկատվությամբ և համագործակցել այդ ոլորտում։
Գերատեսչությունը նախազգուշացրել է, որ ահաբեկչության դեմ պայքարի մասին ամերիկյան օրենսդրության կիրառումը կարող է լուրջ հետևանքներ ունենալ Բրազիլիայի քաղաքացիների համար ֆինանսական, միգրացիոն և քրեական ոլորտներում՝ ԱՄՆ օրենսդրությամբ նախատեսված լայն լիազորությունների պատճառով: