Լիոնից Երևան՝ հանուն ճշմարտության. Հասմիկ Ծղունյանը միջազգային հանրությանն է հասցնում արցախյան պատերազմի վկայությունները․ «Սփյուռքի ձայնը»

Ի՞նչն է ստիպում Լիոնում միջազգային հարաբերություններ սովորող աղջկան թողնել եվրոպական հանգիստ կյանքն ու գալ Երևան՝ ամբողջ օրն անցկացնելով մարդկային ցավի ու պատերազմի ծանր վկայությունների հետ։ Հասմիկ Ծղունյանի համար պատասխանը մեկն է. «Հայաստան գալ նշանակում է գալ տուն»։ Հասմիկն ընդամենը չորս տարեկան էր, երբ ընտանիքի հետ տեղափոխվեց Ֆրանսիա։ Պատճառը մոր առողջական խնդիրներն էին, բայց հայրենիքի հետ կապը երբեք չկտրվեց։ Գրենոբլի հայկական համայնքում նա սովորեց ոչ միայն հայերեն գրել ու պարել, այլև կրել այն «ներքին կանչը», որը տարիներ անց նրան հետ պիտի բերեր Հայաստան՝ արդեն որպես կամավոր։

Ձայն տալ լռությանը

Այսօր Հասմիկը «Դեպի Հայք» (Birthright Armenia) ծրագրի շրջանակներում աշխատում է «Ճշմարտության և արդարության կենտրոնում»։ Նրա առաքելությունը զերծ է զբոսաշրջային գունավոր երանգներից։ Նա թարգմանում է արցախյան պատերազմից տուժածների վկայությունները հայերենից անգլերեն։ «Ես թարգմանում եմ այդ մարդկանց պատմությունները, որպեսզի աշխարհը լսի նրանց ձայնը»,- ասում է Հասմիկը։ Սա միայն լեզվական թարգմանություն չէ, սա ցավի ու ճշմարտության տեղափոխումն է միջազգային հարթակներ, որտեղ փաստարկված խոսքն ու իրավական ուժը կարող են ինչ-որ բան փոխել։

Զբոսաշրջիկից՝ կամավոր

Հասմիկը խոստովանում է՝ ամեն տարի գալիս էր Հայաստան որպես հյուր, բայց այս անգամ ամեն ինչ այլ է։ Կամավորությունը նրան հնարավորություն տվեց տեսնելու հայրենիքի «դիմահարդարումից» այն կողմ գտնվող իրականությունը։ «Երբ դու զբոսաշրջիկ ես, տեսնում ես գեղեցկությունը։ Երբ կամավոր ես, տեսնում ես մարդկանց դժվարությունները, նրանց ապրուստը, նրանց աչքերի մեջ եղած հոգսը։ Բայց հենց դա է քեզ դարձնում այս երկրի մի մասնիկը»,- ասում է նա։

Ինչո՞ւ միջազգային հարաբերություններ

Սովորելով Լիոնում՝ Հասմիկը փորձում է հասկանալ պատերազմների ու հակամարտությունների բնույթը։ Նրա համար պատմությունն ու քաղաքականությունը սոսկ դասագրքային նյութեր չեն, այլ գործիքներ՝ ապագայում Հայաստան-Ֆրանսիա կապն ավելի ամրապնդելու և հայրենիքի շահերը պաշտպանելու համար։ Նա համոզված է՝ եթե ուզում ես օգնել քո երկրին, պետք է լինես պրոֆեսիոնալ ու տիրապետես համաշխարհային լեզվին։

Սփյուռքը՝ որպես թիկունք

Ֆրանսիայում ապրող հայ երիտասարդի համար հայրենասիրությունը միայն դրոշի լուսանկարը չէ սոցցանցերում։ Դա պատերազմի օրերին դեղորայք ու հագուստ հավաքելն է, դա օտարազգի ընկերներին Հայաստանի մասին պատմելն է, և ամենակարևորը՝ ժամանակ առ ժամանակ «տուն վերադառնալն» ու քո ձեռքերով ինչ-որ բան ստեղծելն է։ Իսկ սփյուռքահայ երիտասարդը ոչ թե պարզապես «հայկական արմատներով ֆրանսիացի» է, այլ մի կարևոր կամուրջ, որով անցնում է մեր երկրի վաղվա օրվա հույսը։

Leave a Comment