Այս զարգացումները, իրականում, անակնկալ չէին։ Ընդամենը մեկ ամիս առաջ, ԱԺ քարոզարշավի ընթացքում, Փաշինյանը բաց տեքստով հայտարարում էր, որ «պատերով է տալու» իր բնորոշած «պատերազմի եռագլուխ կուսակցությանը», «կտրելու է հրեշի գլուխները», «բոմժ է սարքելու», «ունեզրկելու է» և այլն։ Այսօր այդ հայտարարություններն աստիճանաբար վերածվում են գործնական քայլերի։
Ուշադրության արժանի էր նաև ԱԺ-ում Փաշինյանի վերջին ելույթը, երբ նա, նայելով ընդդիմադիր հատվածի դատարկ աթոռներին, հայտարարեց, թե «պատերազմի կուսակցությանը» տրված ավելի քան 500 հազար ձայները խնդիր են, քանի որ արտաքին աշխարհին պետք է բացատրել, թե ինչպես է Հայաստանում այդքան մարդ աջակցում «պատերազմին»։ Այս միտքը շատերի ուշադրությունից դուրս մնաց, սակայն այն կարևոր քաղաքական ուղերձ էր։ Փաշինյանը փաստացի ներկայացնում է ներքաղաքական ընդդիմության գոյությունն իբրև արտաքին գործընկերների հետ իր բանակցային խնդիրներից մեկը՝ փորձելով այն նույնացնել ոչ թե այլընտրանքային քաղաքական դիրքորոշման, այլ «պատերազմի» հետ։
Այս համատեքստում առավել հասկանալի է դառնում նաև Սահմանադրության փոփոխության հարցի շուրջ իշխանության ցուցաբերած հետևողականությունը։ Գործող խորհրդարանական դասավորվածության պայմաններում նման գործընթացը գործնականում կյանքի կոչել հնարավոր չէ, հետևաբար Նիկոլի համար առաջնահերթ խնդիր է դառնում այդ դիմադրության հնարավոր կենտրոնների թուլացումը։
Այս ամենը նաև վերջնականապես փլուզում է 2018 թվականի «սիրո, համերաշխության և հանդուրժողականության հեղափոխության» մասին տարիներ շարունակ կառուցված առասպելը։ Այդ թեզը, ինչպես պարզվեց, ընդամենը քաղաքական փաթեթավորում էր։ Բավական է հիշել 2008 թվականի մարտի 1-ի իր հրապարակային ելույթները, որտեղ հնչում էին բախումների, դիմադրության և ուժային հակամարտության կոչեր։ Այսօրվա Նիկոլ Փաշինյանը շատ ավելի նման է այդ ժամանակվա Փաշինյանին, քան այն քաղաքական կերպարին, որը փորձեց ներկայացնել 2018 թվականին։
Ավելին, տեղի ունեցածը հիմք է տալիս ենթադրելու, որ առաջիկա ամիսներին ներքաղաքական ճնշումներն էլ ավելի են խորանալու։ Չեմ բացառում, որ Նիկոլի թիրախում կհայտնվեն նաև լրատվական դաշտը, հանրային կարծիք ձևավորող հարթակներն ու քաղաքական ակտիվության այլ կենտրոններԻշխանությունը ձգտում է հնարավորինս վերահսկելի քաղաքական միջավայր ձևավորել այնպիսի փուլից առաջ, որի առանցքում, մեծ հավանականությամբ, Սահմանադրության փոփոխության հարցն է։ Այլ կերպ ասած՝ սկսվել է քաղաքական «բեսպրեդելի» նոր փուլը, որի յուրաքանչյուր հաջորդ քայլը նախորդից ավելի կոշտ է լինելու։
Հավելեմ, որ այս գործընթացներն ունեն ակնահյտ արտաքին հասցեատեր։ Բնավ պատահական չէ, որ Ծառուկյանի դեպքը տեղի է ունենում Փաշինյանի ՌԴ այցի օրը, դրանով նաև ուղերձ է փոխանցում․ ըստ որի՝ Հայաստանում քաղաքական դաշտի հետ կապված ցանկացած հարց պետք է լուծել բացառապես իր հետ։
Եվ վերջում՝, եթե ընդդիմությունը (առաջին հերթին մանդատակիր) ցանկանում է այս ամենին արդյունավետ հակազդել, ապա պետք է ամբողջ շղթան դիտարկի մեկ ընդհանուր քաղաքական նախագծի համատեքստում և իր գործողությունները կառուցի այդ տրամաբանությամբ՝ համադրելով թե՛ խորհրդարանական, թե՛ արտախորհրդարանական քաղաքական պայքարի գործիքները»։