Այս պահին կենտրոնացել են Գագիկ Ծառուկյանի վրա, վաղը կանցնեն մյուսներին. Թևանյան

Կալանքի տակ գտնվող «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը  փաստաբանի միջոցով ուղերձ է տարածել՝ անդրադառնալով Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակին, ընդդիմության նկատմամբ իրականացվող գործողություններին և վերջին զարգացումներին։

«Դրսի ուժերի թելադրանքով առաջնորդվելն ու Արևմուտքի «պատերազմի» կուսակցության մանրադրամային հանձնարարականները կատարելը Նիկոլ Փաշինյանին դարձնում են վտանգավոր և է՛լ ավելի հայաստանատյաց»,- նշել է Թևանյանը՝ պնդելով, որ իշխանություններն իրականացնում են քաղաքական ճնշումներ։

Նա անդրադարձել է նաև ընդդիմության, Հայ Առաքելական եկեղեցու և մի շարք քաղաքական ու հասարակական գործիչների նկատմամբ իրականացվող գործողություններին՝ հայտարարելով. «Սա առանձին վերցրած հարձակում չէ… Սա համակարգված և լայնամասշտաբ հարձակում է բոլորիս դեմ»։

Թևանյանն անդրադարձել է նաև Գագիկ Ծառուկյանի շուրջ վերջին զարգացումներին՝ նշելով. «Այս պահին կենտրոնացել են Գագիկ Ծառուկյանի վրա։ Խուզարկության շոու են կազմակերպում։ Վաղն անցնելու են մյուսներին»։

Հայտարարության ավարտին նա կոչ է արել ընդդիմադիր ուժերին միավորել ջանքերը՝ ընդգծելով. «Ստեղծված իրավիճակում բոլոր ողջամիտ ուժերը պետք է մեկտեղեն իրենց ջանքերը»։

Leave a Comment