«Ուժեղ Հայաստան» դաշինքը դատապարտել է գործող իշխանությունների կողմից «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող քաղաքական բռնաճնշումներն ու նրան պատկանող ձեռնարկություններում տեղի ունեցած խուզարկությունները:
«Գործող իշխանությունների կողմից շարունակվող բռնաճնշումների հիմնական նպատակն է լռեցնել ընդդիմադիր ուժերին։ Իրավապահ համակարգի կիրառումը` որպես քաղաքական զենք, ծանր հարված է հասցնում երկրի տնտեսությանը և ներդրումային միջավայրին», – ասված է դաշինքի հայտարարության մեջ:
Իրավապահների գործողությունները դաշինքն անվանել է երկրում շարունակվող քաղաքական զանգվածային հետապնդումների հերթական օրինակ:
Դաշինքից ընդգծել են, որ այս ամենը չունի հանրային աջակցություն, և հավելել, որ երկրին անհապաղ փոփոխություններ են անհրաժեշտ։
«Հայաստանին անհրաժեշտ է փոփոխություն, որը կապահովի իրավունքի գերակայություն, անկախ արդարադատություն և հասարակության բարեկեցություն»,- նշված է հայտարարության տեքստում։
