ԱՄՆ-Իրան բանակցություններում լուրջ առաջընթաց չեմ ակնկալում. Մելքոնյան

ԱՄՆ-Իրան բանակցություններում լուրջ առաջընթաց չեմ ակնկալում. Մելքոնյան

ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների հերթական փուլը կկայանա հուլիսի 11-ին։ Նշվում է, որ «կքննարկվեն Իրանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները, երկրի սառեցված ակտիվները, ինչպես նաև իրանական միջուկային ծրագրին վերաբերող հարցերը»։

Թեմայի շուրջ Radar Armenia-ն զրուցել է «ԱՊՐԻ Արմենիա» վերլուծական կենտրոնի գիտաշխատող Սերգեյ Մելքոնյանի հետ։

-Այս ընթացքում ի՞նչ պայմանավորվածություններ կարող ենք ակնկալել։

-Անկեղծ ասած՝ լուրջ առաջընթաց չեմ ակնկալում, քանի որ բավականին խոչընդոտներ դեռ կան, օրինակ՝ այս վերջին 2-3 օրվա ընթացքում, եթե մենք լսենք Իսրայելի հայտարարությունները, լինի դա պաշտպանության նախարարի, թե՝ վարչապետի մակարդակով, որ իրենք ոչ մի քայլ ետ չեն անելու Լիբանանի հարավից։ Բոլորը հասկանում են, որ յուրաքանչյուր պայմանավորվածություն փոխկապակցված է Լիբանանի օկուպացիայի հետ։ Եթե ցանկանում են ինչ-որ հաջողության հասնել, պիտի տարանջատեն Լիբանանի ուղղությունը ԱՄՆ-Իրան ուղղությունից։ Չգիտեմ, ինչքանով այդ քայլին պատրաստ կլինեն Իրանում, դժվար թե։ Հետևաբար, ինչ-որ լուրջ առաջընթաց չեմ ակնկալում, գուցե դա լինի 2-րդ փուլի նախնական քննարկում։ Բայց այժմ գտնվում ենք առաջին փուլում, որը նախապատերազմական ստատուս քվո է, երբ որ մասամբ Հորմուզի նեղուցը բացել, և հիմա քննարկումներ են գնում, թե ինչ նոր ստատուս քվո այնտեղ պիտի լինի։ Արդյոք Իրանը և Օմանը կամ այլ 3-րդ կողմը պիտի՞ ստանա այդ վճարները, թե՞ ոչ։ Դա է հիմա քննարկվում։

-Արդյո՞ք Իրանը կքննարկի հատկապես միջուկային ծրագրերին վերաբերող հարց։

-Այստեղ որևէ առաջընթաց ես չեմ սպասում, նամանավանդ, որ այս հարցը իրականում շատ նուրբ է Իրանում ընկալվում։ Այսինքն՝ հասարակությունը լիովին չի ընդունել այս ֆորմատը և օրակարգը, որը կա Իրան-ԱՄՆ բանակցային գործընթացում։ Ըստ իս՝ Իրանի դիրքերը բանակցային սեղանի շուրջ հիմա ավելի ուժեղ են դառնում, որովհետև, եթե մենք նայենք, ինչպես էր Թրամփը էմոցիոնալ արձագանքում այս արարողությանը, որը տեղի էր ունենում Իրանում, դա շոկ էր Թրամփի համար։ Քանի որ ինքը գրեթե վստահ էր, որ այդ գործող էլիտան, նամանավանդ նախկին հոգևոր առաջնորդը, որևէ լեգիտիմություն չուներ։ Դրա համար շատ հաճախ մտածում էին, որ կարող էին հասնել իրենց նպատակին։ Սա այն է, ինչ Իսրայելն է համոզում, և իր ադմինիստրացիայից որոշ մարդիկ։ Բայց այժմ Թրամփը տեսնում է, որ այո, կարող է ադմինիստրատիվ ռեսուրսով մոբիլիզացնել հարյուրավոր մարդկանց, բայց միլիոնավոր մարդկանց՝ անհնար է մոբիլիզացնել։ ԱՄՆ-ն նաև մտածում է, որ գործող իշխանությունը գուցե ներսից խոցելի լինի՝ հաշվի առնելով տնտեսական իրավիճակը, և հիմա այս տեսանկյունից դիրքերը ամրապնդվում է։ Բայց ի՞նչ հաջողության կարող են հասնել՝ անկեղծ, չեմ ուզում որևէ սպեկուլյացիա անեմ, քանի որ միջուկային հարցում որևէ բան չեմ ակնկալում։ Ամենակարևորը հիմա ԱՄՆ-ի համար Հորմուզի նեղուցի հարցն է՝ ինչպե՞ս է գործելու։ Իսկ Իրանի համար կարևոր է՝ ապասառեցնել իրենց ֆինանսական ակտիվները։

-Իրանի խորհրդարանի խոսնակ Ղալիբաֆը քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ իրանցի ժողովրդի մասին անհիմն հայտարարությունների համար՝ նշելով, որ ամերիկացի առաջնորդը պետք է ուշադրություն դարձնի ԱՄՆ միլիոնավոր քաղաքացիների շրջանում թերսնման խնդրին։ Սա ինչպե՞ս կմեկնաբանեք։

Ինձ թվում է՝ դա արդեն սովորական սովորույթ է դարձել Իրան-ԱՄՆ բանակցությունների ընթացքում։ Իրենք քննադատում են, նույնիսկ հասնում է մինչև հարվածներին, բայց վերջում գնում են և բանակցում։ Այսինքն՝ նման հայտարարությունները դժվար թե ազդեն բանակցային գործընթացի վրա։ Ղալիբաֆը կարող է այլ մոտիվացիա՝ ինչո՞ւ այդպիսի հայտարարություններ անել։ Ինձ թվում է՝ ավելի կոշտ հայտարարություններ կան։ Երևի թե նկատել եք, երբ իր հետ հարցազրույց էին անցկացնում բանակցային գործընթացի մասին, և բացատրում էր՝ ինչու է սա կարևոր և այլն, պետական հեռուստաընկերությունը անջատեց այս հարցազրույցը և այլ հաղորդում միացրեց։ Սա շատ կարևոր ցուցանիշ է։ Նշեմ, որ ԱՄՆ-ի համար ամենակարևորը, որ լայնածավալ պատերազմը հիմա չլինի։

Լիլիթ Աբրահամյան

Leave a Comment