Լիբանանում խաղաղությունը հնարավոր չէ առանց Իրանի մասնակցության. Ղալիբաֆ

Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ Լիբանանում խաղաղությունը չի կարող կայուն լինել առանց Իրանի մասնակցության։ Այս մասին հայտնում է Al Jazeera-ն։

Ղալիբաֆի խոսքով՝ Թեհրանը տարածաշրջանում «կայունացնող դեր» ունի, և այդ դերը առանցքային է Լիբանանի անվտանգության համար։

«Լիբանանում խաղաղությունը չի պահպանվի, եթե Իրանը կայունացնող դեր չխաղա տարածաշրջանում»,- ասել է նա։

Իրանի խորհրդարանի խոսնակը Թեհրանում հանդիպել է «Հեզբոլլահ»-ի բարձրաստիճան ներկայացուցիչ Մոհամմադ Ֆնեիշի հետ, որը ժամանել էր Իրան՝ Ալի Խամենեիի հիշատակի արարողություններին մասնակցելու համար։

Ղալիբաֆը նշել է, որ Թեհրանը Լիբանանի հարցը դարձրել է կենտրոնական թեմա այն բանակցություններում, որոնք հանգեցրել են Իրանի և ԱՄՆ-ի միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրմանը։

Նա նաև ընդգծել է, որ Իրանը հատուկ կարևորում է Լիբանանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Միաժամանակ Ղալիբաֆը բարձր է գնահատել «Հեզբոլլահ»-ի պայքարը Իսրայելի դեմ՝ նշելով, որ շարժումը աջակցել է Իրանին ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ պատերազմի ընթացքում։

Leave a Comment