ԲՀԿ-ի շուրջ տեղի ունեցողը քաղաքական ռեպրեսիա է, դրա լուծումը իշխանափոխությունն է. Նաիրի Սարգսյան

ԲՀԿ-ական Նաիրի Սարգսյանը խիստ բացասական է գնահատել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի շուրջ ծավալվող իրադարձությունները՝ դրանք որակելով քաղաքական ռեպրեսիաներ։

Նրա խոսքով՝ նախընտրական քարոզարշավի ընթացքում իշխանության կողմից հնչել են ԲՀԿ-ի դեմ բռնության կոչեր և սպառնալիքներ, այնուհետև, իր գնահատմամբ, տեղի է ունեցել «ձայների գողություն», իսկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ու Սահմանադրական դատարանը կատարել են իշխանության քաղաքական կամքը։

Հարցին, թե ինչ ճանապարհով պետք է դադարեցվեն այդ գործընթացները, նա պատասխանել է, որ այլընտրանքը իշխանափոխությունն է։

«Մեր բոլորի աչքի առաջ Նիկոլ Փաշինյանը վերածվում է փոքրիկ բռնապետի, և նրա գործողություններին հակազդելու միակ ճանապարհը իշխանափոխությունն է»,- նշել է նա։

Անդրադառնալով ընդդիմության կողմից պատգամավորական մանդատներ վերցնելուն՝ Սարգսյանն ասել է, որ չի կարող պնդել, թե դա ինքնին կհանգեցնի իշխանափոխության։

«Մարդիկ տարբեր ռազմավարություններ և պատկերացումներ ունեն։ Կարևորը վերջնական արդյունքն է՝ Նիկոլ Փաշինյանի և նրա իշխանության հեռացումը»,- հայտարարել է նա։

Սարգսյանը նաև պնդել է, որ Հայաստանում խախտված է իշխանությունների տարանջատման սկզբունքը, իսկ դատական համակարգը, իր գնահատմամբ, անկախ չէ։

«Սահմանադրական դատարանից մինչև առաջին ատյանի դատարաններ, բոլորը կատարում են Նիկոլ Փաշինյանի կամքը, և այսօր չկա որևէ անկախ մարմին, որը նրան պատասխանատվության կենթարկի»,- ասել է Նաիրի Սարգսյանը։

Leave a Comment