Սենսացիոն բացահայտում. ԱՄԷ-ն գաղտնի ռազմական բազա է կառուցում

Սոմալիլենդի Բերբերա քաղաքի օդանավակայանի տարածքում շարունակվում է ռազմական ենթակառուցվածքների լայնածավալ շինարարությունը։ Le Monde-ի տեղեկություններով՝ այստեղ նախատեսվում է ստեղծել Արաբական Միացյալ Էմիրությունների, ԱՄՆ-ի և Իսրայելի համատեղ ռազմաբազա։

Արբանյակային լուսանկարները ցույց են տալիս ծավալուն հողային աշխատանքներ, որոնք, անվտանգության ոլորտի աղբյուրների գնահատմամբ, կարող են օգտագործվել զինամթերքի և վառելիքի պահեստավորման համար։

Պարբերականի տվյալներով՝ շինարարության ակտիվ փուլը համընկել է 2025 թվականի դեկտեմբերին Իսրայելի կողմից Սոմալիլենդի անկախության ճանաչման հետ։ Հեղինակների կարծիքով՝ դա կարող է կապված լինել Ադենի ծոցի շրջանում՝ Եմենի ափերի մոտ, ռազմավարական հենակետ ստեղծելու Իսրայելի ձգտման հետ։

Le Monde-ը հայտնում է, որ շինարարությունն իրականացնում է ԱՄԷ-ն՝ հիմնվելով դեռևս 2017 թվականին Սոմալիլենդի հետ ստորագրված ռազմական համագործակցության համաձայնագրի վրա։ Աղբյուրների պնդմամբ՝ օբյեկտը կառուցվում է նաև ԱՄՆ-ի և Իսրայելի շահերից ելնելով, թեև կողմերը պաշտոնապես չեն հաստատել նման եռակողմ համաձայնագրի գոյությունը։

Հրատարակության տեղեկություններով՝ Բերբերա արդեն այցելել են իսրայելական ռազմական կառույցների ներկայացուցիչներ, իսկ ԱՄՆ-ի AFRICOM-ի պատվիրակությունները պարբերաբար ստուգայցեր են կատարում շինհրապարակ։ 

Հիշեցնենք, որ Բերբերայի նավահանգիստն ու օդանավակայանը ռազմավարական նշանակություն ունեն՝ գտնվելով Կարմիր ծովի մուտքի և Բաբ էլ-Մանդեբի նեղուցի հարևանությամբ, որը համաշխարհային ծովային առևտրի կարևորագույն ուղիներից մեկն է։

Leave a Comment