asekose.am – Մահացել է Արտաշես Ալեքսանյանը

Հուլիսի 6-ի լուսադեմին կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը։ Արտիստի մահվան մասին «Արմենպրես»-ը տեղեկացել է նրա ընկերոջից՝ Հարություն Բոգարյանից: «Երեք օր էր՝ հիվանդանոցում էր։ Այսօր առավոտյան ժամը 03։55-ին սիրտը կանգ է առել»,- նշել է նա:


Արտաշես Ալեքսանյանը ծնվել է 1961 թվականին Երևանում, հուլիսի 17-ին կդառնար 65 տարեկան։


1978 թվականին ավարտել է Լենինականի ֆիզիկամաթեմատիկական թեքումով թիվ 33 միջնակարգ դպրոցը։


1982-1984 թվականներին սովորել է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի ստուդիայում՝ Խորեն Աբրահամյանի ղեկավարությամբ։


1984-1988 թվականներին՝ Մոսկվայի համամիութենական պետական կինոինստիտուտում` Արմեն Ջիգարխանյանի ղեկավարությամբ։


1986 թվականին նկարահանվել է Սվերդլովսկի կինոստուդիայում և «Ղազախֆիլմ»-ում։


1988-1990 թվականներին եղել է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիակն թատրոնի դերասան։


1990 թվականին նկարահանվել է «Երեք թագավորների պատերազմը» և «Ինկած բերդի իշխանուհին» ֆիլմերում (վերջինիս համար արժանացել է «Տարվա լավագույն դերասան» մրցանակին)։


1992-1994 թվականներին եղել է Երևանի Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնի դերասան։


1994-1996 թվականներին նկարահանվել է «Լենֆիլմ» կինոստուդիայի ֆիլմերում։


1994-1996 թվականներին աշխատել է հայկական մի քանի հեռուստաընկերություններում և Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնում։


1998-2001 թվականներին եղել է Չեխիայի Մայր թատրոնի ռեժիսոր, որտեղ բեմադրել է 5 ներկայացում՝ Ուիլյամ Շեքսպիրի «Մակբեթ», Լոպե դե Վեգայի «Շունը դեզի վրա», Նիկոլայ Գոգոլի «Ռևիզոր», Թ. Բրանդոյի «Չառլիի մորաքույրը», Ռ.Կալինովսկու «Գազանը լուսնի վրա»։ 2002-2003 թվականներին կրկին համագործակցել է «Լենֆիլմ» կինոստուդիայի հետ։


Բեմադրել է Հայաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունման 1700-ամյակին և Հայոց Մեծ եղեռնին նվիրված ներկայացումները։


Նկարահանվել է բազմաթիվ ֆիլմերում, այդ թվում՝ «Մի վախեցիր», «Poker.am», «Գարեգին Նժդեհ», «Ռուսական տապան», «Հատուկ նշանակության ջոկատ», «Մեդալի հակառակ կողմը»:


Նկարահանվել է նաև մի շարք սերիալներում։

Leave a Comment