Կարո՞ղ է երեխան ինքնուրույն բողոքել իր ծնողներից. ի՞նչ իրավունքներ ունի երեխան ընտանիքում և ի՞նչ է սահմանում ՀՀ ընտանեկան օրենսգիրքը

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 41-47-րդ հոդվածները սահմանում են երեխայի հիմնական իրավունքները՝ ընտանիքում ապրելուց և սեփական կարծիք արտահայտելուց մինչև գույքային իրավունքներ: Այս կանոնները կարևոր է իմանալ յուրաքանչյուր ծնողի, հատկապես՝ ամուսնալուծության կամ երեխային վերաբերող վեճերի դեպքում: Ստորև Iravaban.net ներկայացնում է հիմնական դրույթները՝ պարզ և հասկանալի լեզվով։

Ո՞վ է համարվում երեխա

Օրենսգրքի 41-րդ հոդվածի համաձայն՝ երեխա է համարվում 18 տարին չլրացած յուրաքանչյուր ոք, բացառությամբ այն դեպքերի, երբ նա օրենքով սահմանված կարգով գործունակություն է ձեռք բերում կամ լրիվ գործունակ է ճանաչվում ավելի վաղ:

Ընտանիքում ապրելու և դաստիարակվելու իրավունքը

Յուրաքանչյուր երեխա ունի ընտանիքում ապրելու և դաստիարակվելու, իր ծնողներին ճանաչելու, նրանց հոգատարությանն արժանանալու և նրանց հետ համատեղ ապրելու իրավունք, բացառությամբ այն դեպքերի, երբ դա կարող է հակասել երեխայի լավագույն շահերին։ Երեխան ունի նաև իր մարդկային արժանապատվության հարգման, համակողմանի զարգացման և ֆիզիկական, մտավոր, հոգևոր լիարժեք զարգացման համար անհրաժեշտ կենսապայմաններ ունենալու իրավունք։

Ծնողների բացակայության կամ ծնողական հոգատարությունից զրկվելու դեպքերում ընտանիքում դաստիարակվելու երեխայի իրավունքն ապահովում է խնամակալության և հոգաբարձության մարմինը:

Ծնողների և ազգականների հետ շփվելու իրավունքը

Օրենսգրքի 42-րդ հոդվածի համաձայն՝ երեխան ունի իր ծնողների, պապերի և տատերի, եղբայրների, քույրերի, ինչպես նաև այլ ազգականների հետ շփվելու իրավունք։ Կարևոր է, որ ծնողների ամուսնության դադարեցումը, այն անվավեր ճանաչվելը կամ նրանց առանձին ապրելը չեն սահմանափակում երեխայի իրավունքները։

Ծնողներից առանձին, այդ թվում՝ տարբեր պետություններում ապրելու դեպքում, երեխան իր ծնողների հետ կանոնավոր անձնական փոխհարաբերություններ և անմիջական շփումներ պահպանելու իրավունք ունի, բացառությամբ այն դեպքի, երբ դա, դատարանի որոշման համաձայն, հակասում է երեխայի լավագույն շահերին:

Պաշտպանության իրավունքը. երեխան կարող է ինքնուրույն դիմել

43-րդ հոդվածի համաձայն՝ երեխայի իրավունքների պաշտպանությունն իրականացնում են ծնողները (օրինական ներկայացուցիչները), իսկ օրենսգրքով նախատեսված դեպքերում՝ խնամակալության և հոգաբարձության մարմինը։

Երեխան ունի նաև իր ծնողների չարաշահումներից պաշտպանվելու իրավունք: Իրավունքների խախտման դեպքում, այդ թվում՝ երբ ծնողները չեն կատարում կամ ոչ պատշաճ են կատարում դաստիարակելու, կրթություն տալու պարտականությունը կամ չարաշահում են ծնողական իրավունքները, երեխան իրավունք ունի պաշտպանության համար ինքնուրույն դիմելու խնամակալության և հոգաբարձության մարմին:

Ավելին, պաշտոնատար անձինք և այլ քաղաքացիներ, որոնց հայտնի են դարձել երեխայի կյանքին ու առողջությանը սպառնալու, նրա իրավունքների խախտումների դեպքեր, այդ մասին պետք է հայտնեն երեխայի փաստացի գտնվելու վայրի խնամակալության և հոգաբարձության մարմին: Իսկ երեխայի կյանքին և առողջությանը սպառնացող անմիջական վտանգի դեպքում պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն անհապաղ կազմակերպում են երեխայի հրատապ այլընտրանքային խնամքը՝ Ոստիկանության հետ համատեղ:

Սեփական կարծիք արտահայտելու իրավունքը

44-րդ հոդվածի համաձայն՝ երեխան իրավունք ունի իր իրավունքներն ու շահերը շոշափող ցանկացած հարց լուծելիս ունկնդիր լինելու հարցի քննությանը և արտահայտելու սեփական կարծիքը ընտանիքում, դատական և այլ մարմիններում։ Երեխայի կարծիքը, նրա տարիքին և հասունության մակարդակին համապատասխան, հաշվի է առնվում իրեն վերաբերող հարցերում:

Երեխայի կարծիքը կարող է ներկայացվել գրավոր, բանավոր կամ տեսաձայնագրությամբ, իսկ այն լսելիս համապատասխան մարմինները ներգրավում են մանկական հոգեբանի կամ սոցիալական աշխատողի:

Անուն, հայրանուն և ազգանուն ունենալու իրավունքը

45-րդ հոդվածի համաձայն՝ երեխային անուն տրվում է ծնողների համաձայնությամբ, հայրանունը՝ հոր անունով: Ազգանունը որոշվում է ծնողների ազգանունով, իսկ եթե ծնողները տարբեր ազգանուններ են կրում, երեխային ծնողների համաձայնությամբ տրվում է հոր կամ մոր ազգանունը։ Ծնողների միջև տարաձայնությունները լուծում է խնամակալության և հոգաբարձության մարմինը։

46-րդ հոդվածի համաձայն՝ մինչև երեխայի 16 տարին լրանալը ծնողների համատեղ դիմումի հիման վրա, հաշվի առնելով երեխայի կարծիքը, կարող է փոխվել երեխայի անունը կամ նրան տրված ազգանունը՝ մյուս ծնողի ազգանունով: Իսկ եթե ծնողների համատեղ համաձայնությունը բացակայում է, փոխումը կատարվում է խնամակալության և հոգաբարձության մարմնի եզրակացության պարտադիր առկայությամբ:

Երեխայի գույքային իրավունքները

47-րդ հոդվածի համաձայն՝ երեխան իր ծնողներից և ընտանիքի այլ անդամներից ապրուստի միջոց պահանջելու իրավունք ունի: Ալիմենտ վճարելու պարտավոր ծնողի պահանջով դատարանը կարող է որոշում կայացնել վճարման ենթակա ալիմենտի գումարի հիսուն տոկոսից ոչ ավելին բանկերում երեխայի անունով բացված հաշվին փոխանցելու մասին։

Օրենքը սահմանում է նաև մի կանոն, որի մասին շատերը չգիտեն. երեխան սեփականության իրավունք չունի ծնողների գույքի նկատմամբ, իսկ ծնողները սեփականության իրավունք չունեն երեխայի գույքի նկատմամբ։ Համատեղ ապրող երեխաներն ու ծնողները կարող են մեկը մյուսի գույքը տիրապետել և օգտագործել փոխադարձ համաձայնությամբ։

Հաճախ տրվող հարցեր

Ամուսնալուծվել ենք: Երեխան իրավունք ունի՞ շփվելու մյուս ծնողի և նրա հարազատների հետ:

Այո: Ծնողների ամուսնության դադարեցումը կամ նրանց առանձին ապրելը չեն սահմանափակում երեխայի՝ ծնողների, պապերի ու տատերի և այլ ազգականների հետ շփվելու իրավունքը: Բացառություն է միայն այն դեպքը, երբ շփումը, դատարանի որոշման համաձայն, հակասում է երեխայի լավագույն շահերին:

Կարո՞ղ է երեխան ինքնուրույն բողոքել իր ծնողներից:

Այո: Իր իրավունքների և շահերի խախտման դեպքում, այդ թվում՝ ծնողների կողմից պարտականությունները չկատարելու կամ ծնողական իրավունքները չարաշահելու դեպքերում, երեխան իրավունք ունի պաշտպանության համար ինքնուրույն դիմելու խնամակալության և հոգաբարձության մարմին:

Եթե տեղեկություն ունեմ, որ երեխայի կյանքին վտանգ է սպառնում: Պարտավո՞ր եմ որևէ մեկին հայտնել:

Այո: Օրենքի համաձայն՝ պաշտոնատար անձինք և այլ քաղաքացիներ, որոնց հայտնի են դարձել երեխայի կյանքին և առողջությանը սպառնալու, նրա իրավունքների խախտումների դեպքեր, այդ մասին պետք է հայտնեն երեխայի փաստացի գտնվելու վայրի խնամակալության և հոգաբարձության մարմին:

Երեխայի կարծիքը պարտադի՞ր է հաշվի առնվում իրեն վերաբերող հարցերում:

Երեխան իրավունք ունի ազատ արտահայտելու իր կարծիքը, որը հաշվի է առնվում իրեն վերաբերող հարցերում՝ երեխայի տարիքին և հասունության մակարդակին համապատասխան: Կարծիքը կարող է ներկայացվել գրավոր, բանավոր կամ տեսաձայնագրությամբ:

Կարո՞ղ եմ փոխել երեխայի ազգանունը առանց մյուս ծնողի համաձայնության:

Ընդհանուր կանոնով մինչև երեխայի 16 տարին լրանալը անվան կամ ազգանվան փոխման համար պահանջվում է ծնողների համատեղ դիմումը: Համաձայնության բացակայության դեպքում փոխումը կատարվում է միայն խնամակալության և հոգաբարձության մարմնի եզրակացության պարտադիր առկայությամբ: Նույն եզրակացությունն անհրաժեշտ է նաև, երբ հնարավոր չէ պարզել մյուս ծնողի բնակության վայրը:

Երեխան իմ բնակարանի սեփականատե՞ր է:

Ոչ: Օրենքի համաձայն՝ երեխան սեփականության իրավունք չունի ծնողների գույքի նկատմամբ, ինչպես և ծնողները՝ երեխայի գույքի նկատմամբ: Համատեղ ապրելու դեպքում նրանք կարող են մեկը մյուսի գույքը տիրապետել և օգտագործել փոխադարձ համաձայնությամբ, – տեղեկացնում է Iravaban.net-ը։

Ծանուցում. սույն նյութը պատրաստված է միայն իրավական իրազեկման նպատակով և չի հանդիսանում իրավաբանական խորհրդատվություն։ Երեխայի իրավունքների կամ ընտանեկան հարաբերությունների հետ կապված կոնկրետ իրավիճակներում իրավաբանական խորհրդատվություն ստանալու համար համար կարող եք դիմել «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերությանը՝ զանգահարելով +374 99 970704 հեռախոսահամարին կամ գրելով [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին։






Կարդացեք նաև՝

Leave a Comment