Բրյուսելի խոշոր խաղադրույքները Հայաստանում․ ինչպես և ինչու

Բրյուսելի խոշոր խաղադրույքները Հայաստանում․ ինչպես և ինչու

Անցնող շաբաթ Հարավային Կովկասում և Թուրքիայում եվրոպական դիվանագիտությունը «հրավառություն» էր կազմակերպել։ Այն ժամանակ, երբ  Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Բաքվում բանակցում էր Իլհամ Ալիևի հետ, իսկ հաջորդ օրը Երևանում հանդիպում Նիկոլ Փաշինյանին, ԵՄ արտաքին քաղաքականության գլխավոր պատասխանատու Կայա Կալասն ու եվրոկոմիսարներ Մարտա Կոսն ու Մագնուս Բրունները Անկարայում քննարկումների մեջ էին նախագահ Ռեջեփ Էրդողանի և արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ։

Այս զուգահեռականությունը պատահականություն չէր։ Սա տարբեր «փազելներից կազմված» ամբողջական «կտավ» է, որտեղ Արևմուտքը տարածաշրջանը «նկարում է» որպես մեկ ընդհանուր աշխարհատնտեսական միջանցք։

Տևական ժամանակ ԵՄ-ն ընդգծված անտարբերություն էր ցուցաբերում Թուրքիայի անդամակցության թեկնածության նկատմամբ։ Սակայն ուկրաինական պատերազմից և հատկապես 2025թ․ սեպտեմբերին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հովանու ներքո խաղաղության համաձայնագրի նախաստորագրումից և Հայաստանի հարավային սահմանով անցնող «Թրամփի ուղի» (TRIPP) ճանապարհատրանսպորտային հանգույցի ստեղծման նախնական փաստաթղթերի ստորագրումից հետո, Բրյուսելը կտրուկ փոխել է իր ռազմավարությունը։ Թուրքիան Բրյուսելի համար հանկարծ դարձավ «անփոխարինելի գործոն»՝ թե՛ միգրացիոն հոսքերի կառավարման, թե՛ լոգիստիկ ու կոմունիկացիոն հանգույցների և թե՛ անվտանգության նոր ճարտարապետության տեսանկյունից։ Ինչու՞։ Որովհետև առանց Անկարայի հնարավոր չէ փակել կամ բացել այն մեծ դարպասները, որոնցով Եվրոպան ձգտում է կապվել Ասիայի հետ՝ շրջանցելով Ռուսաստանը։

Էկզիստենցիալ գերխնդիրը. Միջին Միջանցքի կենսագործումը

Ռուսական գազային կախվածությունից ցավոտ հարվածներ ստացած Եվրոպան որոշել է կառուցել իր նոր տնտեսական զարկերակը՝ Միջին Միջանցքը։ Այն պետք է Եվրոպան Թուրքիայի և Հարավային Կովկասի միջոցով կապի Կենտրոնական Ասիայի հետ։ Սա Բրյուսելի համար սոսկ առևտրային երթուղի չէ, այլ ռազմավարական անվտանգության խնդիր։ Իսկ որպեսզի այս միջանցքն ընդհանրապես գոյություն ունենա և գործի, անհրաժեշտ է երկու նախապայման։ Առաջին՝ ԱՄՆ-ի և ԵՄ-ի անմիջական հովանավորությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հաստատումը․ կապիտալը և մեծ ենթակառուցվածքները չեն հանդուրժում պատերազմի մշտական ռիսկեր։ Երկրորդ՝ տարածաշրջանում Ռուսաստանի գերազդեցության էական և անդառնալի թուլացում։ Եթե ճանապարհները, սահմաններն ու խողովակաշարերը վերահսկվեն Մոսկվայի կողմից, Միջին Միջանցքը կորցնում է իր իմաստը, քանի որ կախված է լինելու Կրեմլի քաղաքական կամքից ու քմահաճույքներից։ Սա հրաշալի հասկանում են ինչպես Բրյուսելում, այնպես էլ Մոսկվայում և առաջին հերթին հենց դրանով է պայմանավորված Հայաստանի տնտեսաքաղաքական և անվտանգային դիվերսիֆիկացման, կամ որ նույնն է՝ իր սուվերենության ուժեղացման նկատմամբ Ռուսաստանի նման անհանդուրժողականությունը։

Հայաստանի դիմակայունության ամրապնդումը՝ ոչ թե օգնություն է, այլ ներդրում

Այս համատեքստում է պետք դիտարկել այն փաստը, որ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Բաքվում ու Երևանում, իսկ Կայա Կալասը Անկարայում սինխրոն կերպով խոսում են այդ երկրների հետ կապակցվածության ռազմավարության իրականացման մասին։ Նույն տրամաբանության մեջ են նաև Եվրահանձնաժողովի նախագահի կողմից Երևանում տված բացառիկ տնտեսական խոստումները․ Հայկական արտահանման 80%-ի համար մաքսատուրքերի չեղարկումը՝ ինքնավար առևտրային միջանցքի՝ (ATM) ռեժիմի ներդրմամբ, ֆինանսական լրացուցիչ (18 մլն եվրո առանձին, 20 մլն եվրո՝ առանձին) ներարկումները Հայաստան, ինչպես նաև հայաստանյան արտադրությունները ԵՄ արտահանման մեխանիզմներին ադապտացնելու նպատակով եվրոպացի փորձագետների շուտափույթ գործուղումը Երևան։ Դրանք բոլորն ունեն մեկ հստակ նպատակ՝ բարձրացնել Հայաստանի դիմակայունությունը Ռուսաստանի խիստ կանխատեսելի տնտեսական ճնշումների նկատմամբ։ Ուկրաինական ճգնաժամից հետո Եվրոան հասկացավ, որ իր ներքին բյուրոկրատական սահմանափակումներն ավելի կարևոր չեն, քան ռազմավարական նպատակները։

Իսկ այդ նպատակները Բրյուսելին հուշում են, որ եթե Հայաստանի տնտեսությունը կոլապսի ենթարկվի ռուսական ճնշումներից, ապա Միջին Միջանցքի հարավկովկասյան հատվածը կդառնա «բորբոքված կույր աղիք», և ծրագիրը կձախողվի։ Հետևաբար ԵՄ-ն Հայաստանին տնտեսական «անվտանգության բարձիկներ» է տրամադրում ոչ թե պարզապես բարեգործությունից դրդված, այլ որպեսզի ապահովագրի իր իսկ գլոբալ նախագծի՝ Միջին Միջանցքի կենսունակությունը, այսինքն ներդրում է կատարում իր գլոբալ նախագծում։ Հենց սրանով է, որ ԵՄ-ն փորձում է կիրառել ԱՄՆ-ի տակտիկան և մասնաբաժին ստանալ հարավկովկասյան «քաղցրաբլիթից»։

Ինստիտուցիոնալ խաղաղություն. TRIPP գաղափարաբանության արձագանքները

ԵՄ-ի կողմից «Միջին Միջանցքի» ծրագրով Հայաստանում և Ադրբեջանում տրանսպորտային, էներգետիկ և թվային ոլորտներում նախատեսվող 200 մլն եվրոյի ուղիղ դրամաշնորհները և հետագա շուրջ 2 մլրդ եվրոյի ներդրումային փաթեթները հիշեցնում են ամերիկյան TRIPP-ի գաղափարաբանությունը․ խաղաղությունը թղթի վրա կայուն չէ, քանի դեռ խարսխված չէ ֆիզիկական և տնտեսական փոխադարձ շահերի վրա։ Ուստի խաղաղությունը և կայունությունը պետք է ինստիտուցիոնալիզացնել այնքան ու այնպես, որ որևէ կողմի շահերից այլևս չբխի պատերազմելը։ Երբ ստեղծվում են ընդհանուր էլեկտրահաղորդման գծեր, թվային մալուխներ ու արդիականացված սահմանային անցակետեր, ճանապարհներ, երկաթգծեր, որոնցից օգտվում են բոլորը, խաղաղությունը դառնում է անդառնալի, իսկ պատերազմը՝ տնտեսապես ոչ ձեռնտու։

Հարավային Կովկասում սկսվել է «մեծ խաղադրույքների» ժամանակաշրջան։ Խաղադրույքներ են կատարում թե՛ ԱՄՆ-ն, թե՛ Եվրոպական միությունը, թե՛ Ռուսաստանը՝ (այդ պլանները ձախողելու առումով)։ Արդյունքում բազմապատկվում է Հայաստանի տարածաշրջանային, ընդհուպ աշխարհաքաղաքական արժեքը։ Ստեղծվել է սեփական տնտեսական ինքնիշխանությունն ամրապնդելու և գլոբալ հաղորդակցության ուղիների կենտրոնում դիրքավորվելու պատմական հնարավորություն։

Գոռ Աբրահամյան

Leave a Comment