«Սահմանադրական դատարանը դրոշը տվեց ընդդիմության ձեռքը»․ Հակոբ Բադալյան

«Սահմանադրական դատարանը դրոշը տվեց ընդդիմության ձեռքը»․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Կարդում եմ Սահմանադրական դատարանի որոշման վերաբերյալ գնահատականները՝ նկատելի «վախճանաբանական» կամ «հուսահատական» այսպես ասած «կարմիր թելով»:

Ի՞նչ արեց ՍԴ-ն գործնականում, եթե շատ խորամուխ լինենք տեղի ունեցողի մեջ եւ փնտրենք «մետաֆիզիկան»:

Սահմանադրական դատարանը դրոշը տվեց ընդդիմության ձեռքը, կամ՝ ամրագրեց ընդդիմության ձեռքին՝ գնացեք առաջ: Կառավարող ուժը ապալեգիտիմացված է մինչեւ «ուղն ու ծուծը», ավարտված է «հիբրիդային լեգիտիմության» հնգամյակը:

Սահմանադրական դատարանն իր որոշումով ձեւակերպել է խնդիրը հենց «մետաֆիզիկական» հարթության վրա՝ ընդդիմության ուժերը պետք է ձեւավորեն նոր լեգիտիմ իշխանություն: Իսկ ինչպե՞ս է ձեւավորվում այդ իշխանությունը: Այդ իշխանությունը ձեւավորվում է նախ հանրային գիտակցության խորքում, հետո բարձրանում վեր, ամբողջանում, դառնում մտածողություն, արժեքներ, համակարգ, ու նոր՝ իշխանություն:

Ո՛չ դասական, ո՛չ ստանդարտ իրավիճակներով երկրներում իշխանության չեն գալիս, իշխանություն չեն վերցնում, իշխանություն դառնում են: «Դարձեք իշխանություն»: Սա է, թերեւս, պետք կարդալ ՍԴ որոշման մեջ:

Եվ ի դեպ, այս համատեքստում չգիտեմ պլանավորված, թե պարզապես, բայց խիստ հատկանշական է, որ այսօր իրենց քաղաքական ու գաղափարական հավատամքի մասին տեսանյութ էր տարածել Նարեկ Կարապետյանը՝ «Ուժեղ Հայաստանից»: Ըստ իս, շատ կարեւոր շեշտադրումով տեսանյութ, որի բովանդակության մասին կխոսեմ առանձին, գուցե վաղը կամ մյուս օրը: Միայն արձանագրեմ, որ հատկանշական զուգադիպությամբ է՝ այդ անդրադարձի ու ՍԴ որոշման «զուգահեռականությունը»: Վերջին հաշվով, նոր իշխանությունը պետք է սկսի հավատամքից եւ գաղափարականությունից:

Ինչպես ասել եմ հունիսի 8-ի Օրվա թեմայի թողարկմանը՝ ամեն ինչ նոր է սկսվում, պարզապես պետք է դուրս գալ իրողությունների գնահատման հին ճախարակից»:

Աղբյուրը`   Հակոբ Բադալյան

Leave a Comment