ANCA-ն Կոնգրեսին կոչ է արել Բաքվին տրվող օգնությունը կապել հայ գերիների ազատման հետ

Ամերիկայի Հայ Դատի Հանձնախումբը (ANCA) կարծիք է ներկայացրել ԱՄՆ Սենատի ենթահանձնաժողովին՝ 2027 թվականի ֆինանսական տարվա հատկացումների օրինագծի քննարկման ժամանակ։ Կազմակերպությունը կոչ է արել 50 մլն դոլար հատկացնել Հայաստանի անվտանգությանը և առնվազն 100 մլն դոլար՝ մարդասիրական ծրագրերի, վերաբնակեցման և հայ փախստականների Արցախ վերադարձի համար։

Իր հուշագրում ANCA-ն նաև պահանջել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքական առաջնորդների անհապաղ ազատ արձակումը, ինչպես նաև Բաքվին տրամադրվող ԱՄՆ ռազմական օգնության խիստ սահմանափակումներ։ Կազմակերպության տվյալներով՝ հայ ռազմագերիները պահվում են ավելի քան 1000 օր, և նրանց պահման պայմանները մտահոգություններ են առաջացրել մարդու իրավունքների պաշտպանների շրջանում։

ANCA-ն պնդում է, որ Ադրբեջանին տրամադրվող ամերիկյան օգնությունը կախված լինի մի շարք պայմանների կատարման հետ, այդ թվում՝ գերիների ազատ արձակումը, ադրբեջանական ուժերի դուրսբերումը Հայաստանի տարածքից, հայկական մշակութային ժառանգության պաշտպանությունը և տեղահանված հայերի իրենց տներ վերադառնալու իրավունքի ճանաչումը։ Ինչպես նշվում է հայտարարության մեջ, նմանատիպ օրենսդրական նախաձեռնություններ և փոփոխություններ են առաջ քաշվում նաև ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում:

Հանձնախումբը հիշեցրել է, որ գերության մեջ է մնում մոտ 19 հայ, այդ թվում՝ Արցախի ութ նախկին ղեկավարներ՝ Ռուբեն Վարդանյանը, Արայիկ Հարությունյանը, Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ: Արցախի նախկին ղեկավարները Բաքվում դատապարտվել էին 20 տարվա ազատազրկումից մինչև ցմահ ազատազրկման:

Նշվում է, որ հայ գերիներին շարունակում են զրկել իրավաբանական օգնությունից, և 2025 թվականի սեպտեմբերին Ադրբեջանում ԿԽՄԿ-ի գործունեության դադարեցումից ի վեր «նրանց վիճակը զգալիորեն վատթարացել է»:

Leave a Comment