Չինացի գիտնականները հայտարարել են գերփոքր համակարգչային չիպի ստեղծման մասին, որն ունակ է իրական ժամանակում մոդելավորել ուղեղի բարդ կառուցվածքները։ Այս մասին հայտնում է South China Morning Post-ը։
Ըստ մշակողների՝ այս չիպը կարող է ոչ միայն հեղաշրջել Ալցհեյմերի հիվանդության նման պաթոլոգիաների ախտորոշումն ու բուժումը, այլև բարձրացնել «ուղեղ-մեքենա» ինտերֆեյսների արդյունավետությունն ու անգնահատելի օգնություն ցուցաբերել վիրաբույժներին։
Պեկինի համալսարանի և Չինաստանի գիտությունների ակադեմիայի հետազոտողներն այս բեկումնային հայտնագործության մասին մանրամասնել են հինգշաբթի օրը Science ամսագրում հրապարակված գրախոսվող հոդվածում։ Ներկայացված է 40 նանոմետրանոց հիշողության չիպ, որն ունի ներկառուցված արհեստական նեյրոնային ցանց։
Սարքը հաղթահարում է հաշվողական վաղեմի սահմանափակումները՝ թույլ տալով վերականգնել ուղեղի բարդ մակերեսները կես վայրկյանից էլ պակաս ժամանակում։ Ըստ գիտնականների թիմի՝ այն 50-ից 478 անգամ ավելի արագ է, քան ժամանակակից Nvidia A100 գրաֆիկական պրոցեսորների (GPU) համակարգերը։
Հետազոտության գլխավոր հեղինակ, Պեկինի համալսարանի Ինտեգրալ սխեմաների դպրոցի պրոֆեսոր Յանգ Յուչաոն Guangming Daily պետական պարբերականին ասել է, որ չիպը կարող է բժշկական նպատակներով ճշգրտորեն վերարտադրել ուղեղի ծալքերը։
«Այս բեկումը նոր հնարավորություններ է բացում նեյրոինտերֆեյսների, ինչպես նաև գլխուղեղի հիվանդությունների ախտորոշման ու բուժման համար։ Ապագայում հնարավոր կդառնա ստեղծել ուղեղի անհատականացված և դինամիկ թվային երկվորյակներ»,- նշել է նա։
Պրոֆեսորը հավելել է, որ սա ապարատային բազա է, որը կարող է իրական ժամանակում աշխատել ներվիրահատական նեյրոնավիգացիայի, Ալցհեյմերի հիվանդության վաղ սքրինինգի և անհատականացված միջամտությունների համար։
Մարդու ուղեղն ունի ծալքեր, որոնք մեծացնում են դրա մակերեսը՝ թույլ տալով գանգի ֆիզիկական սահմաններում տեղավորել միլիարդավոր նեյրոններ։ Նախկինում այս բարդ ակոսների իրական ժամանակում վերականգնումը պահանջում էր թանկարժեք խոշոր սարքավորումներ՝ տևական հաշվարկներ իրականացնելու համար։
