Ռուսաստանի գլխավոր շահը Արևմուտքի ճնշումը կանգնեցնելն ու մեծ պատերազմը կանխելն է. Վլադիմիր Ավատկով

Ռուս թուրքագետ, քաղաքագետ Վլադիմիր Ավատկովը «Alpha News»-ին տված հարցազրույցում մեկնաբանել է «Մեծ Թուրան» ստեղծելու Թուրքիայի ծրագրերը, Մոսկվայի և Անկարայի շահերի տարամիտությունները, բազմակենտրոն աշխարհն ու համաձայնությունների սահմանները։

«Թուրանը մտահղացված է որպես հակակշիռ Իրանին և որպես թյուրքերի վերաբնակեցման ծրագիր։ Սակայն այսօր դա սեփական ազդեցությունն ընդլայնելու Թուրքիայի Հանրապետության գաղափարախոսական հայեցակարգի մի մասն է։ Թուրքիայի գլխավոր խնդիրն է համոզել մեր թյուրք եղբայրներին ու գործընկերներին, որ նրանք թուրք են։ Ոչ թե թյուրք, այլ հենց թուրք։ Այսինքն՝ «թյուրքականը» աստիճանաբար փոխարինվում է «թուրքականով»։ Այս ուղղությամբ աշխատում են բազմաթիվ կազմակերպություններ՝ Թուրքիայի գիտությունների ակադեմիան, Թյուրքական խորհրդարանական վեհաժողովը և շատ այլ կառույցներ։ Դրանց նպատակն է Թուրքիան թյուրքական աշխարհի ծայրամասից վերածել մի կենտրոնի, որին պետք է հարեն բոլորը։ Պատմականորեն թյուրքերը շարժվել են դեպի Թուրքիա, այլ ոչ թե հակառակը։ Կա ուրալ-պովոլժյան, բայկալյան, ալթայան պատմություն։ Բայց Թուրքիան նենգափոխում է պատմությունը և հետխորհրդային տարածքի մեր թյուրք գործընկերներին պարտադրում, ինչպես նաև ռուսական տարածաշրջանների վրա ազդելով ստիպում է որդեգրել թուրքական տրամաբանությունը։ Դա հստակ երևում է կոնկրետ օրինակներով»,- ասել է Ավատկովը։

Քաղաքագետի խոսքով՝ Թուրքիան շատ թյուրքական ժողովուրդների պարտադրում է իր տեսլականը և փորձում է փոխել նրանց ինքնությունը։

«Թուրքիան իրեն դիրքավորում է որպես համաշխարհային տերություն՝ պնդելով, թե իր ցամաքային զորքերը 2200 տարվա պատմություն ունեն, թեև հենց հանրապետությունն ընդամենը 103 տարեկան է։ Մենք տեսնում ենք թյուրքական ժողովուրդների վրա ազդելու, նրանց ինքնությունը փոխարինելու փորձեր՝ միասնական դասագրքերի ստեղծման և լատինատառի տարածման միջոցով։ Միևնույն ժամանակ, Թուրքիան Ռուսաստանի ապրանքաշրջանառության ծավալներով զբաղեցնում է երրորդ տեղը, ինչը կարևոր է հաշվի առնել Արևմուտքի ճնշումների պայմաններում։ Հարաբերություններում հավասարակշռությունը գտնված է, թեև շահերը հաճախ բախվում են։ «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելին առաջ է մղում ՆԱՏՕ-ից Թուրքիայի դուրս գալու գաղափարը՝ ելնելով թուրքական շահերից, որոնք միշտ չէ, որ համընկնում են ռուսականի հետ։ Ինչպես նշել է մեր ԱԳՆ-ն՝ որտեղ հնարավոր է, մենք պայմանավորվում ենք, բայց կան իրավիճակներ, երբ համաձայնության գալն անհնար է։ Այդպիսին է ձևավորվող բազմակենտրոն աշխարհը»,- նշել է փորձագետը։

«Alpha News»-ի զրուցակիցն ընդգծել է, որ Ռուսաստանի գլխավոր շահը Արևմուտքի ճնշումը կանգնեցնելն ու մեծ պատերազմը կանխելն է։

«Սա հետխորհրդային տարածքը Ռուսաստանից պոկելու նախագիծ է՝ ի շահ Արևմուտքի։ Թուրքիան ակտիվ դերակատարում ունի և միաժամանակ կատարում է Բրիտանիայի կամքը՝ ունենալով նաև սեփական շահը՝ շարժվել դեպի Կասպից ծով և Միջին Ասիա։ ԱՄՆ-ն հաճախ է վստահում Թուրքիային, որը՝ որպես ՆԱՏՕ-ի անդամ, Հարավային Կովկասում գործում է ընդդեմ Ռուսաստանի։ Ռուսաստանի հակառակորդն այստեղ հավաքական Արևմուտքն է։ Ռուսաստանի հիմնական շահը ճնշումը կանգնեցնելն ու մեծ պատերազմը կանխելն է։ Կարմիր գիծը ներքին քաղաքականությունն է՝ ներքաղաքական գործընթացներին միջամտության կատեգորիկ մերժումը։ Առաջնահերթություն է մնում հետխորհրդային տարածքը։ Մենք տեսնում ենք Թուրքիայի ուժեղացումը և զգուշացնում ենք գործընկերներին սեփական ինքնությունից հրաժարվելու ռիսկերի մասին՝ լինի դա Մոլդովայի կլանումը Ռումինիայի կողմից, թյուրքերին ներշնչելու փորձը, թե իրենք թուրք են, թե Հայոց ցեղասպանության հիշողությունը մոռացության տալու պարտադրանքը։ Այս ամենը Արևմուտքի ընդհանուր քաղաքականության տարրերն են»,- ընդգծել է փորձագետը։

Ավատկովի խոսքով՝ Էրդողանի հայտարարությունների մեծ մասն ուղղված է ներքին լսարանին։

«Էրդողանի հայտարարությունը հաշվարկված էր նախևառաջ ներքին լսարանի համար։ Նա ընդգծել է, թե թուրքական պատմությունը իբր չի տեսել ո՛չ զանգվածային սպանություններ, ո՛չ ցեղասպանություն, այլ միայն կարեկցանք։ Դա պատասխան էր Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ Երբ Էրդողանը խոսում է Նեթանյահուի մասին, նա այլ արտահայտություններ է օգտագործում՝ նրան անվանելով «ցեղասպանության մեքենա» և «ժամանակակից Հիտլեր»։ Իսրայելի և Թուրքիայի միջև առկա է մրցակցություն տարածաշրջանում ԱՄՆ գլխավոր դաշնակցի դերի համար։ Բացի այդ, Մերձավոր Արևելքի վերաբերյալ երկու երկրների դիրքորոշումները սկզբունքորեն տարբերվում են՝ պաղեստինյան հարցը, Լիբանանը, Սիրիան, Իրանը։ Թուրքիան Իրանի հարցում ավելի պրագմատիկ դիրքորոշում ունի, քան շատերն էին սպասում։ Դա մեծապես Սիրիական եռանկյունու շրջանակներում Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի փոխգործակցության արդյունքն է, որտեղ ձևավորվել է վստահության միջավայր և ուղիղ կապի ուղիներ»,- ասել է Ավատկովը։

Leave a Comment