Ռուս թենիսիստուհի Ալինա Չարաևան փոխել է իր մարզական քաղաքացիությունը և այժմ կներկայացնի Հայաստանը միջազգային մրցաշարերում, հայտնում է «Կերոն» զարգացման հիմնադրամը։
Ըստ հիմնադրամի՝ Չարաևան միացել է «Կերոն»-ի «Տաղանդների ֆոնդ» ծրագրին։ Նշվում է, որ երկարատև աշխատանքի և բանակցությունների արդյունքում՝ «Կերոն» զարգացման հիմնադրամի և Հայաստանի թենիսի ֆեդերացիայի աջակցությամբ Չարաևան արդեն ստացել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն և այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո։
«Ի դեմս WTA վարկանիշային աղյուսակում 118-րդ հորիզոնականը զբաղեցնող Չարաևայի՝ Հայաստանը միջազգային թենիսում ձեռք է բերում ևս մեկ ուժեղ և հեռանկարային մարզուհի՝ նպաստելով մեր երկրի առավել տեսանելի և մրցունակ ներկայությանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
