Աբու Դաբիում մեկնարկել է Sotheby’s-ի նոր առցանց աճուրդը, որտեղ ներկայացված են աշխարհի ամենաթանկ և բացառիկ հավաքածուներից մի քանիսը։ Աճուրդը կշարունակվի մինչև հուլիսի 10-ը։ «The Abu Dhabi Collectors’ Edit: Materiality» խորագրով աճուրդում ընդգրկված է ավելի քան 30 լոտ, որոնց ընդհանուր արժեքը գնահատվում է 6,6-ից 9,7 միլիոն դոլար։
Ցուցադրված իրերի թվում են բացառիկ ժամացույցներ, թանկարժեք քարեր, զարդեր, Hermès-ի հայտնի Birkin և Kelly պայուսակներ, ինչպես նաև հազվագյուտ ավտոմեքենաներ։ Ամենաթանկ լոտերից մեկը 2018 թվականի Bugatti Chiron-ն է, որի արժեքը գնահատվում է 2,85-3,5 միլիոն դոլար։ Աշխարհում արտադրվել է ընդամենը 200 նման մեքենա։ Այս օրինակը ունեցել է միայն երկու սեփականատեր և անցել է ընդամենը 1848 կիլոմետր։
Աճուրդում ներկայացված է նաև Richard Mille-ի RM 65-01 բացառիկ քրոնոգրաֆ ժամացույցը, որի արժեքը գնահատվում է 200-400 հազար դոլար։ Բացի այդ, աճուրդում ներկայացված են Van Cleef & Arpels-ի զմրուխտե և ադամանդե վզնոցը, ինչպես նաև Hemmerle-ի շափյուղաներով և ամեթիստներով զարդերը։
