Անկարան անհանգիստ է Իսրայել-Լիբանան համաձայնությունից։ «Նոյյան Տապան»-ը զրուցել է քաղաքական վերլուծաբան Շահան Գանտահարյանի հետ։
– Վերջին օրերին քննարկվում է Լիբանան-Իսրայել շրջագծային համաձայնագիրը և Թուրքիայի արձագանքը։ Ինչո՞վ է պայմանավորված Անկարայի անհանգստությունը։
– Վերլուծական հրապարակումները ցույց են տալիս, որ Թուրքիան մտահոգված է Լիբանանում Իսրայելի դերակատարության ակտիվացմամբ և նրա ազդեցության ընդլայնմամբ։ Անկարան դա դիտարկում է ոչ միայն որպես տարածաշրջանային ուժերի հավասարակշռության փոփոխություն, այլև որպես իր ազգային անվտանգությանն առնչվող խնդիր։
– Այս դիրքորոշումն ինչպե՞ս է արտահայտվել Թուրքիայի ղեկավարության մակարդակով։
– Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բազմիցս հայտարարել է, որ Գազան, Սիրիան և Լիբանանը Թուրքիայի անվտանգության համակարգի կարևոր բաղադրիչներն են։ Նրա խոսքով՝ այդ տարածքներում ցանկացած զարգացում, որը կարող է վնասել Թուրքիայի շահերին, Անկարան դիտարկում է որպես ուղղակի սպառնալիք և պատրաստ է համապատասխան արձագանքի։
– Ինչո՞վ է պայմանավորված Լիբանանի վարչապետի նախատեսվող այցի նկատմամբ հետաքրքրությունը։
– Կան ակնարկներ, որ վարչապետի այցը Անկարա հենց այս հարցերի քննարկման նպատակ ունի։ Միաժամանակ վերլուծաբանները կարևորում են նաև Սիրիա-Իսրայել հարաբերությունների զարգացումները, քանի որ դրանք կարող են հուշել, թե ինչ ուղղությամբ են զարգանալու տարածաշրջանային գործընթացները։
– Կարելի՞ է ասել, որ Թուրքիա-Իսրայել մրցակցությունը տեղափոխվում է նաև Լիբանան։
– Այդպիսի միտում արդեն նկատվում է։ Նախ Սիրիայում երկու երկրների շահերը բախվեցին, որտեղ Դամասկոսի ուժերին աջակցում էր Թուրքիան, իսկ դրուզական ուժերին՝ Իսրայելը։ Այժմ նույն մրցակցության տարրերը սկսում են երևալ նաև Լիբանանում, որտեղ Անկարան ըստ անպաշտոն հրապարակումների բացահայտորեն մերժում է շրջագծային համաձայնագիրը։
– Այդ մերժումն արդյո՞ք միայն արտաքին քաղաքական նշանակություն ունի։
– Ոչ։ Այն ներքաղաքական հասցեատեր էլ ունի։ Թուրքիան ուղերձ է հղում Լիբանանի սուննի համայնքին, որի նկատմամբ երկար տարիներ ազդեցություն է ձևավորել՝ հորդորելով չընդունել այդ համաձայնագիրը։ Սակայն ուղերձը դրանով չի սահմանափակվում։
– Ի՞նչ նշանակություն ունեն տեղեկությունները, թե Սիրիայի արտգործնախարարը Բեյրութին փաստաթուղթ է փոխանցել զենքի մենաշնորհի վերաբերյալ։
– Եթե այդ տեղեկությունները համապատասխանում են իրականությանը, ապա դրանք կարելի է դիտարկել ավելի լայն գործընթացի շրջանակում։ Դրանք հիշեցնում են Դոնալդ Թրամփի այն հայտարարությունը, որ Դիմադրության զենքի հարցի լուծումը կարող է իրականացվել Սիրիայի միջոցով, հատկապես այն պայմաններում, երբ Իսրայելը միայն ռազմական ճանապարհով չի կարողացել հասնել իր նպատակներին։
– Այս ամենը կարելի՞ է դիտարկել որպես համակարգված ծրագիր։
– Եթե ամբողջ պատկերն իրար հետ կապենք, ապա նման տպավորություն է ստեղծվում։ Ուրվագծվում է ամերիկա-թուրքական համակարգված մոտեցում, որի շրջանակում Թուրքիան ակտիվացնում է իր դերակատարությունը Լիբանանում։ Մի կողմից դա ներկայացվում է որպես Իսրայելին հակակշռելու փորձ, մյուս կողմից՝ որպես Իրանի ազդեցության թուլացումից հետո առաջացած վակուումը լրացնելու պատրաստակամություն։
– Այս համատեքստում ո՞րն է հիմնական ռազմավարական նպատակը։
– Չի կարելի բացառել, որ հեռահար նպատակը շարունակում է մնալ Դիմադրության զինաթափումը։ Տարբերությունն այն է, որ այժմ այդ խնդիրը փորձ է արվում լուծել ոչ թե ռազմական, այլ քաղաքական և դիվանագիտական մեխանիզմներով՝ Դամասկոսի միջնորդությամբ, որտեղ Թուրքիան ստանձնում է ավելի ակտիվ դեր՝ հաշվի առնելով նաև Վաշինգտոնի ռազմավարական ակնկալիքները։
– Թուրքիան արդյո՞ք բավարար հիմքեր ունի նման դեր ստանձնելու համար։
– Թուրքիան Լիբանանում երկար տարիներ ձևավորել է իր ազդեցությունը՝ մշակութային, կրթական, ժողովրդագրական և հատկապես տնտեսական ծրագրերի միջոցով։ Նրա հիմնական հենակետը երկրի հյուսիսային շրջաններն են։ Այսօր Անկարան փորձում է այդ ազդեցությունը վերածել նաև քաղաքական և անվտանգային գործոնի։
– Ո՞ւմ են ուղղված Թուրքիայի ներկայիս ուղերձները։
– Միաժամանակ մի քանի հասցեատերերի։ Իսրայելին՝ չհատել Թուրքիայի համար «կարմիր գծերը», Իրանին՝ ցույց տալու, որ դեմ է շրջանակային համաձայնագրին, Լիբանանի սուննի համայնքին՝ հորդորելով մերժել այն, և Միացյալ Նահանգներին՝ ազդարարելով, որ պատրաստ է Դամասկոսի միջոցով առաջ մղել զենքի մենաշնորհի օրակարգը՝ ոչ ռազմական ճանապարհով։
– Եթե այս զարգացումները շարունակվեն, ի՞նչ տարածաշրջանային պատկեր կարող է ձևավորվել։
– Այդ դեպքում Թուրքիան կդառնա Լիբանանում և ընդհանրապես Մերձավոր Արևելքում առավել ազդեցիկ դերակատար։ Սակայն դա չի նշանակի Իսրայելի ազդեցության աշբողջական չեզոքացում։Ընդհակառակը, ամենայն հավանականությամբ, Վաշինգտոնը կշարունակի Թուրքիային և Իսրայելին օգտագործել որպես միմյանց հակակշռող և միաժամանակ փոխլրացնող ուժեր։ Լիբանանի հյուսիսում Թուրքիայի ազդեցության ամրապնդումն ու հարավում Իսրայելի ներկայությունը կարող են դառնալ այդ ռազմավարության բաղադրիչները։
– Այս իրավիճակն ինչ-որ առումով հիշեցնո՞ւմ է Սիրիայի ներկայիս պատկերը։
– Այո։ Սիրիայում Ռուսաստանի և Իրանի ազդեցության գոտիները մեծապես փոխարինվել են Թուրքիայի և Իսրայելի ազդեցությամբ, ինչպես նաև նրանց անմիջական ռազմական ու անվտանգային ներկայությամբ։ Նման գործընթացների տարրեր այսօր արդեն նկատվում են նաև Լիբանանում։
– Այս համատեքստո՞ւմ պետք է դիտարկել նաև Իսրայելի և Թուրքիայի միջև վերջին շրջանում փոխադարձ ցեղասպանության մեղադրանքները։
– Հավանաբար՝ այո։ Այդ երևույթները միայն պատմական հիշողության կամ բարոյաքաղաքական գնահատականների դաշտում չեն։ Դրանք նաև տարածաշրջանային մրցակցության և աշխարհաքաղաքական հակադրության գործիքներից են, որոնք արտացոլում են երկու երկրների միջև խորացող հակասությունները։
Կարդացել են
անգամ