Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը ԱԺ նախագահ ընտրվելու դեպքում չի շարունակի լինել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ռուբինյանն ասաց լրագրողների հետ ճեպազրույցում։ «Քանի որ ես Ազգային ժողովի նախագահի թեկնածու եմ ընտրվել, այդ պաշտոնում ընտրվելու դեպքում ակնհայտորեն չեմ շարունակելու Թուրքիայի հետ բանակցություններում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ լինել»,- ասաց Ռուբինյանը։
Հարցին, թե ո՞վ կարող է նրան փոխարինել այդ պաշտոնում, Ռուբինյանը պատասխանեց, որ այս պահին տեղեկություն չունի։ «Որքան տեղյակ եմ, դեռ պարզ չէ, թե ով է լինելու։ Բնականաբար, վարչապետը և կառավարությունը կորոշեն»,- նշեց ԱԺ փոխնախագահը։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը փակ գաղտնի քվեարկությամբ Հայաստանում նոր ձևավորվելիք խորհրդարանի ղեկավարի պաշտոնի թեկնածու է ընտրել Ռուբեն Ռուբինյանին, որը ներկայում զբաղեցնում է ՀՀ ԱԺ փոխնախագահի պաշտոնը, ինչպես նաև Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի ներկայացուցիչն է։
Կարդացել են
2 անգամ