ԱՄՆ-ն Իրանին զգուշացրել է բանակցողների դեմ հնարավոր իսրայելական հարվածի մասին

ԱՄՆ-ն տարածաշրջանային միջնորդների միջոցով Իրանին զգուշացրել էր, որ Իսրայելը կարող է փորձել սպանել իրանցի երկու բարձրաստիճան բանակցողների, գրում է Ynet-ը՝ հղում անելով The New York Times-ին։

Պարբերականի տվյալներով՝ Վաշինգտոնի մտահոգությունը վերաբերել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիին և Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆին, որոնք առանցքային դեր են ունեցել ԱՄՆ-ի հետ հրադադարի և ավելի լայն համաձայնության շուրջ շփումներում։

Ynet-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ պաշտոնյաները մտավախություն են ունեցել, որ նրանց դեմ հնարավոր հարվածը կարող էր խափանել բանակցությունները և հանգեցնել ռազմական գործողությունների վերսկսման։ Ամերիկյան կողմի մտահոգությունն ուժեղացել էր ապրիլին լուրջ բանակցությունների մեկնարկից հետո։

Ըստ հրապարակման՝ ԱՄՆ-ում ընդունել են, որ պատերազմի սրման փուլում Արաղչին և Ղալիբաֆը՝ որպես բարձրաստիճան պաշտոնյաներ, կարող էին Իսրայելի համար դիտարկվել որպես հնարավոր թիրախներ, սակայն բանակցությունների մեկնարկից հետո նրանց սպանությունը, Վաշինգտոնի գնահատմամբ, կարող էր ավարտել դիվանագիտական գործընթացը։

Իսրայելը վերջին տարիներին թիրախավորել է Իրանի բարձրաստիճան զինվորականներին և միջուկային ոլորտի ներկայացուցիչներին․ 2024-ին Դամասկոսում զոհվել էին ԻՀՊԿ գեներալներ, իսկ 2025-ին Reuters-ը գրել էր ԻՀՊԿ հրամանատար Հոսեյն Սալամիի, Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերիի և միջուկային գիտնականների սպանության մասին։

 

Leave a Comment