Հայաստանի մի շարք առևտրային բանկեր վերջին շաբաթներին խստացրել կամ ամբողջությամբ դադարեցրել են ռուսական կանխիկ ռուբլու մուտքագրումը հաշիվներին։ Ընդ որում՝ սահմանափակումները վերաբերում են միայն կանխիկ միջոցներին. անկանխիկ փոխանցումներն ու հաշվարկները շարունակում են գործել նախկին պայմաններով։
Ինչո՞ւ են հայկական բանկերը, մեկը մյուսի հետևից, սահմանափակում կամ ամբողջությամբ դադարեցնում կանխիկ ռուսական ռուբլու ընդունումը։ Ի՞նչ գործընթացներ են կանգնած այս որոշումների հետևում։ Ի՞նչն է ստիպել բանկերին հրաժարվել կանխիկ ռուբլուց։
Ռուբլին Հայաստան է բերվում տարբեր ճանապարհներով. մի մասը՝ միգրանտների, մի մասը՝ որոշ առևտրային գործարքների միջոցով։
«Հիմա Հայաստանը իր արտաքին առևտուրն ունի Ռուսաստանի որոշակի չափերի մեջ, և էդ չափերի գումարը, փաստորեն, մնում է բանկերում մնացորդ»։
Տնտեսագետի խոսքով՝ խնդիրը միայն հայկական շուկայում չէ։ Ռուսական արժույթի ավելցուկը դարձել է ամբողջ տարածաշրջանի ֆինանսական համակարգի մարտահրավերը։
Նման իրավիճակ է նաև ԵԱՏՄ մյուս երկրներում։ Բելառուսում մի շարք բանկեր կանխիկ ռուբլու մուտքագրման համար սահմանել են մինչև հինգ տոկոս միջնորդավճար, նույն ճանապարհով են գնացել նաև Ղազախստանի և Ղրղզստանի որոշ ֆինանսական հաստատություններ։
Մասնագետը նշում է՝ իրավիճակը խորացնում են նաև Ռուսաստանի տնտեսության ներկայիս դժվարությունները։ Սանկցիաները, ռազմական ծախսերի աճը և տնտեսական դանդաղումը նվազեցրել են ռուբլու շրջանառության արդյունավետությունը տարածաշրջանում։
Արդյունքում՝ բանկերը փորձում են պաշտպանվել ավելորդ ռիսկերից՝ կամ սահմանափակելով կանխիկ ռուբլու ընդունումը, կամ դրա համար բարձր միջնորդավճար սահմանելով։
Սակայն խնդիրն ամենասուրը շարքային քաղաքացիների համար է. ի՞նչ անել արդեն ունեցած կանխիկ ռուբլու հետ։
«Հայ քաղաքացիները կամ պիտի իրենք ռուբլին բերեն ու պահեն, այսինքն՝ բանկերում, եթե չեն դնում, տանը պահեն, մինչև ինչ-որ ժամանակներ կգա, ու կկարողանան դա որևէ կերպ օգտագործել։ 2-րդը՝ պիտի Ռուսաստանում, ուրեմն, ավելի շատ գումարներ ծախսեն։ Նաև չեն թաքցնում՝ կաշառք տալով ռուբլին փոխակերպեն դոլարի, նոր բերեն Հայաստան, որովհետև ռուսական բանկերում դոլարի դեֆիցիտ էլ կա և եվրոյի դեֆիցիտ էլ կա»։
Տնտեսագետը կանխատեսում է նաև մեկ այլ հետևանք՝ Հայաստանի ներսում ռուբլու նկատմամբ հետաքրքրության աստիճանական անկում։
«Մարդիկ կտեսնեն, որ ռուբլին չեն կարող օգտագործել, ուղղակի վերցնելու են այդ փողը, պահեն։ Կոնվերտացիա, փոխանակում բանկերը այդքան չեն անի, ռուբլով առնելու բան չունես, տուրիստ առանձնապես չի գնում, որ ռուբլի վերցնի, գնա։ Հետևաբար, էդ ռուբլու ձեռքը, կրակը, պիկին, ոնց ասում են, ամեն մարդ պիտի ուղղակի համբերությամբ սպասի, մինչև ինչ-որ ժամանակներ գան։ Դա էլ կախված է, էլի, ռուբլու ինֆլյացիայից, էլի ռիսկերը պարունակում, որտեղ ռուբլին կարող է ինֆլյացիայի ենթարկվի, պահած գումարները կորեն»։
Միևնույն ժամանակ, տնտեսագետը չի կարծում, որ այս փուլում էական կտուժեն հայ-ռուսական առևտրային հարաբերությունները։ Նրա գնահատմամբ՝ հիմնական ազդեցությունը զգալու են հենց այն քաղաքացիները, ովքեր կանխիկ ռուբլի են ստանում կամ պահում։
Այսպիսով, խնդիրը ոչ թե ռուբլին որպես արժույթն է, այլ դրա կանխիկ շրջանառությունը։ Քանի դեռ բանկերում կուտակված ռուսական արժույթը պահանջարկ չի գտնում, սահմանափակումներն ու լրացուցիչ վճարները, ամենայն հավանականությամբ, կշարունակվեն։ Իսկ հազարավոր քաղաքացիների համար գլխավոր հարցը մնում է անփոփոխ՝ ինչպե՞ս տնօրինել իրենց ձեռքում եղած ռուբլին, եթե այն օրեցօր ավելի դժվար է դառնում օգտագործել։
Մանրամասները՝ տեսանյութում։
