Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն այսօրվա երևանյան ասուլիսի ժամանակ այդպես էլ Հայաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման հեռանկարների կոնկրետ ժամկետ չնշեց՝ բավարարվելով ընդհանրական ձևակերպումներով։
Պատասխանելով վիզաների ազատականացման գործընթացի և ժամկետների վերաբերյալ հարցին՝ նա միայն հայտարարեց, որ Հայաստանը միակ գործընկերն է, որը ԵՄ-ի հետ այս հարցով գտնվում է այդքան ակտիվ երկխոսության մեջ, ինչը ցույց է տալիս գործընկերության մակարդակը։
Ֆոն դեր Լայենը հիշեցրեց ապրիլին հրապարակված ծրագրի իրականացման զեկույցին՝ միաժամանակ տեղեկացնելով, որ աշնանը ՀՀ կայցելի առաքելություն՝ ձեռքբերումները գնահատելու համար։
Ըստ նրա՝ այն բանից հետո, երբ Հայաստանը կհամապատասխանի բոլոր կետերին, կողմերը կանցնեն ռեժիմի ազատականացմանը, սակայն դրա համար անհրաժեշտ են բարեփոխումներ։
Փաշինյանն իր հերթին հայտարարեց՝ նախընտրական քարոզարշավի ընթացքում ասել էր, թե մինչև 2029 թվականը կլինի «ազատականացման իրավիճակ»։
ՀՀ վարչապետը միաժամանակ շեշտեց՝ շատ բան կախված է մեզնից՝ բարեփոխումների որակից։
Ըստ նրա՝ հայ ժողովուրդը սպասում է այդ որոշմանը և ընտրություններում քվեարկել է դրա օգտին։
«Մենք չենք կարող բաց թողնել այս հնարավորությունը։ Այս հարցի լուծման համար կգործադրենք բոլոր ջանքերը», – ասաց Փաշինյանը։