Դատարանը մեղավոր ճանաչեց փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևին

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը, դատավոր Գարիկ Աբելյանի նախագահությամբ, հրապարակել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի վերաբերյալ քրեական գործով վերդիկտը։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ Դատարանը փաստաբանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքը կատարելու համար։

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ 2025 թվականի նոյեմբերին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում կատարված հրապարակմամբ Կոչուբաևը, անդրադառնալով Մկրտիչ Սրբազանի կալանավորմանը վերաբերող քրեական վարույթին, քննիչների, հսկող դատախազի և կալանավորման որոշում կայացրած դատավորի վերաբերյալ օգտագործել էր արտահայտություններ, որոնք, մեղադրող կողմի գնահատմամբ, արատավորել էին վերջիններիս պատիվն ու արժանապատվությունը և վնաս պատճառել նրանց իրավունքներին ու օրինական շահերին։

Վերդիկտի հրապարակումից հետո նախատեսված էր անցնել պատժի նշանակման հարցի քննարկմանը, սակայն հանրային մեղադրողի բացակայության պատճառով նիստը հետաձգվեց։

Հաջորդ դատական նիստի օրը լրացուցիչ կհամաձայնեցվի և կտեղեկացվի կողմերին, որի ընթացքում կքննարկվի Կոչուբաևի նկատմամբ պատժի նշանակման հարցը։

Leave a Comment