Երևանում ընթացող «Ազատություն քաղբանտարկյալներին» կարգախոսով բողոքի ակցիայի ժամանակ «Միասնություն» թևի ներկայացուցիչ Մենուա Սողոմոնյանն իր ելույթում խիստ քննադատության ենթարկեց միջազգային հանրության և եվրոպական կառույցների կրկնակի ստանդարտները՝ ուղիղ խոսքով դիմելով Հայաստան ժամանած Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին։
Մենուա Սողոմոնյանը շեշտեց, որ ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության առաքելություն ստանձնած կառույցի ղեկավարի ներկայիս կեցվածքը չի համապատասխանում հռչակված արժեքներին։
«Մենք այստեղ ենք եկել ի ցույց բողոքի, որ աշխարհում մարդու իրավունքների, ժողովրդավարության գաղափարների պաշտպանության առաքելությունը ստանձնած կառույցներից մեկի՝ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը գտնվում է այստեղ, ձեռքսեղմումներ անում և գովեստի խոսքեր շռայլում մի մարդու նկատմամբ, որը Հայաստանի բանտերը լցրել է քաղաքական բանտարկյալներով։ Տիկի՛ն ֆոն դեր Լայեն, այսօր դուք այստեղ ձեր այցով, ձեր դիվանագիտական ժեստով խրախուսում եք ավտորիտարիզմը Հայաստանում։ Դուք խրախուսում եք, որ մարդիկ ձերբակալվեն ազատ խոսքի, ազատ կարծիքի համար։ Ազատ խոսքը հանցանք չէ»,- հայտարարեց Սողոմոնյանը։