
Ռուսական բանակը գիշերը զանգվածային հարձակում է իրականացրել Կիևի վրա՝ օգտագործելով հարվածային անօդաչու թռչող սարքեր և բալիստիկ հրթիռներ, հայտնել է Ուկրաինայի մայրաքաղաքի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։ Վերջին տվյալներով՝ հարձակման հետևանքով զոհվել է 13 մարդ։ Եվս 56 մարդ, այդ թվում՝ երկու երեխա, վիրավորվել են, հավելել է Կիևի քաղաքային ռազմական վարչակազմի ղեկավար Տիմուր Տկաչենկոն։ Նա նշել է, որ վնասներ և ավերածություններ են արձանագրվել ավելի քան 30 վայրում՝ քաղաքի բոլոր շրջաններում։
Հաղորդվում է, որ Դարնիցկի շրջանում մասամբ ավերվել են 5, 9 և 16 հարկանի շենքեր, Պեչերսկում և Դեսնյանսկում՝ երկու 9 հարկանի շենքեր։ Սվյատոշինսկի շրջանում վնասվել են նաև 2 առանձնատներ, իսկ Շևչենկովսկում և Գոլոսեևսկում հրդեհներ են բռնկվել 7, 5 և 16 հարկանի բնակելի շենքերում: Բացի այդ, Շևչենկովսկի շրջանում հրդեհ է բռնկվել հյուրանոցային շենքում, Օբոլոնսկում այրվել է պահեստ։