Ասադի տապալումից հետո ձևավորված խորհրդարանն ամբողջությամբ կազմավորվել է

Ասադի տապալումից հետո ձևավորված խորհրդարանն ամբողջությամբ կազմավորվել է

Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ աշ-Շարաան նշանակել է երկրի նոր խորհրդարանի վերջին 70 անդամին, ինչը ճանապարհ է հարթել հաջորդ շաբաթ դրա առաջին նիստի անցկացման համար:

Նոր պատգամավորների թվում կա 15 կին, իսկ 13 մարդ բանտարկված է եղել Բաշար Ասադի կառավարման օրոք։

Այդուհանդերձ, հստակ չէ, թե Շարաայի կողմից նշանակված նոր խորհրդարանականներից քանիսն են պատկանում կրոնական և էթնիկ փոքրամասնություններին:

Անցյալ տարվա հոկտեմբերին տարածաշրջանային ընտրական կոլեգիաներն ընտրել էին Ժողովրդական ժողովի 210 պատգամավորների երկու երրորդին, որը պատասխանատու է լինելու անցումային շրջանի օրենսդրական գործունեության համար:

Քանի որ այդ նշանակումների արդյունքում կանայք ստացել էին ընդամենը վեց տեղ, իսկ փոքրամասնությունների ներկայացուցիչները՝ տասը, ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչները հայտարարել էին, որ Ահմեդ աշ-Շարաան կվերացնի այդ անհամամասնությունը նախագահական «քվոտայով» պատգամավորների նշանակման շրջանակներում:

Սիրիայի Ժողովրդական ժողովի ընտրությունների գերագույն կոմիտեի նախագահ Մոհամմեդ Տահա ալ-Ահմեդը հայտարարել է, որ նախագահի ընտրած թեկնածուները Ժողովրդական ժողովում միավորում են «անձնազոհության ձայնն ու փորձի ձայնը», ներկայացնում են սիրիական հասարակության տարբեր շերտեր և ամրապնդում ազգային միասնությունը:

Նրանց թվում եղել են «նահատակների հարազատներ և մարդիկ, ովքեր վերապրել են բանտարկությունն ու քիմիական հարձակումները» 13-ամյա քաղաքացիական պատերազմի ընթացքում, ինչպես նաև գիտնականներ, փորձագետներ, մասնագետներ, համայնքային առաջնորդներ և հասարակական գործիչներ, ովքեր «հայտնի են իրենց փորձով, ազնվությամբ և հասարակական գործունեությամբ», հավելել է նա:

Leave a Comment