
Ուգանդայում հաստատվել է Մարբուրգ վիրուսային վարակի մեկուսացված դեպք։ Վարակը հայտնաբերվել է 18 ամսական երեխայի մոտ, որը մահացել է երկրի արևմտյան մասում գտնվող Կյեգեգվա շրջանում, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով Աֆրիկայի հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների (ACDC) հայտարարությանը։
Մասնագետների խոսքով՝ երեխայի հետ շփված անձանց մոտ հիվանդության նշաններ չեն հայտնաբերվել։ Ուգանդայում ներկայում Մարբուրգ վիրուսային վարակի ակտիվ դեպքեր չկան։
ACDC-ի խոսնակ Սարան Քոլին ասել է, որ գործակալությունը վարակի լրացուցիչ դեպքերի հաստատում չունի։
Ուգանդայի առողջապահության նախարարության պաշտոնյան Reuters-ին ասել է, որ տեղյակ չէ երկրում բռնկման մասին։ Այնուամենայնիվ, իշխանությունները և առողջապահական ծառայությունները շարունակում են վերահսկել իրավիճակը՝ վիրուսի հնարավոր տարածումը արագորեն հայտնաբերելու համար։ Մարբուրգ վիրուսն առաջացնում է ծանր վարակիչ հիվանդություն, որը կարող է մահացու լինել։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ այս վարակի միջին մահացության մակարդակը մոտավորապես 50% է։ Ներկայում հիվանդության համար հաստատված պատվաստանյութեր կամ բուժումներ չկան։
Մարբուրգ վիրուսի վերջին բռնկումը Ուգանդայում գրանցվել է 2017 թվականին։