Շուրջ 30 տարի անց պարզվել է Էվերեստում զոհված ալպինիստի ինքնությունը։ Այս մասին հուլիսի 1-ին հայտնել է Bild պարբերականը։
Լեռնագնացների շրջանում տարիներ շարունակ «Կանաչ կոշիկներ» մականունով հայտնի ալպինիստը նույնականացվել է միայն վերջերս՝ նրա աճյունի տարհանման նախապատրաստական աշխատանքների ընթացքում։ Այդ անվանումը նա ստացել էր վառ կանաչ կոշիկների պատճառով, որոնք տարիներ շարունակ տեսանելի էին Էվերեստ բարձրացող բազմաթիվ ալպինիստների համար։
Հնդկաստան-Տիբեթ սահմանային ոստիկանության (ITBP) իրականացրած ԴՆԹ փորձաքննությունը հաստատել է, որ զոհվածը Հնդկաստանի քաղաքացի, 47-ամյա Դորջե Մորուպն է։
Նրա աճյունը մինչ օրս գտնվում է Էվերեստի այսպես կոչված «մահվան գոտում»՝ ավելի քան 8000 մետր բարձրության վրա։ Այն լեռից տարհանելու աշխատանքները նախատեսվում է իրականացնել այս ամռանը։
Գործողությունն իրականացնելու համար Հնդկաստան-Տիբեթ սահմանային ոստիկանությունը պետք է նաև ստանա Տիբեթում Չինաստանի իշխանությունների թույլտվությունը, որպեսզի աճյունը տեղափոխվի նախ Կատմանդու, ապա՝ Հնդկաստան։
Մասնագետների խոսքով՝ ավելի քան 8000 մետր բարձրությունից աճյունի տարհանումը չափազանց վտանգավոր և բարդ գործողություն է՝ պայմանավորված թթվածնի խիստ պակասով, եղանակային ծանր պայմաններով և տեղանքի առանձնահատկություններով։
