«Բոլորին դեմ եմ» կուսակցությունը, որ գրանցվել էր այս տարվա մարտին՝ ԱԺ ընտրություններից առաջ, քվեարկությունից հետո ինքնալուծարվել է։ Ընտրություններում նրանք ստացել էին 21 181 քվե։ Ըստ հայտարարության՝ իրենց օրակարգը հայտարարելու պահից սկսած (7 ամիս առաջ) ամբողջությամբ հրապարակվել են իրենց քայլերը՝ բոլոր սցենարների դեպքում՝ թե հաղթանակի, թե պարտության։
Թեմայի շուրջ Radar Armenia-ի զրուցակիցն է «Բոլորին դեմ եմ» շարժման ներկայացուցիչ Միքայել Նահապետյանի հետ։
-«Բոլորին դեմ եմ»-ի նախաձեռնությունը ինչո՞ւ այսքան քիչ կյանք ունեցավ։
-«Բոլորին դեմ եմ» նախաձեռնությունը ունեցավ ուղիղ այնքան կյանք, ինչքան նախատեսված էր։ Այս առումով ոչ մի անակնկալ չի եղել։ Մենք նախաձեռնությունը հիմնադրելիս, հիմնադիր համագումարի ժամանակ, բաներներից սկսած, մարդկանց տրամադրվող քարոզչական նյութերով վերջացրած, հարցազրույցներով շարունակած՝ ամեն տեղ նշել ենք, և փառք Աստծո, այս պահին հասանելի է bolorindem.am կայքը, որի բովանդակությունն էլ դրա մասին է, որ սա ինքնալուծարվող կուսակցություն է։ Մենք տարբեր մարդիկ ենք, որոնք կյանքի այլ հարցերի վերաբերյալ գուցե ունեն տարբեր կարծիքներ, միավորվում ենք քաղաքական համակարգի խաղի կանոնները փոխելու նպատակով, մասնակցում ենք ընտրություններին, հաջողության դեպքում փոխելու ենք խաղի կանոնները և լուծարենք կուսակցությունը, անհաջողության դեպքում ևս մենք կուսակցությունը լուծարում ենք։ Դա նշանակում է, եթե քաղաքական պրոցեսը դիտարկենք որպես պայմանագիր քաղաքական ուժի ու ընտրողի միջև, մենք ճշգրիտ կատարում ենք այն պարտավորությունները, որոնք ստանձնել էինք։ Այս առումով ես չեմ կարծում, թե քիչ կյանք ունեցավ, այն ունեցավ այնքան կյանք, ինչքան նախատեսված էր։
-Իչքա՞նով էր դա նորմալ, որ քարոզարշավին ակտիվ մասնակցեցիք, իսկ լուծարումը չբերե՞ց ձայների փոշիացման։
-Ո՛չ, այդ ձայները չեն փոշիացվել։ Այդ խնդիրը, որը մենք դրել էինք մեր առաջ, իհարկե մենք չենք կարողացել լուծել, բայց դրանք բողոքի ձայներ են, որոնք հնչել են և որոնք ավելի բարձր են հնչելու ապագայում։ Մենք բարձրացրել ենք մարդկանց զզվացության և բողոքի ձայնը՝ գոյություն ունեցող համակարգից ու դրա խաղի կանոններից։ Արել ենք դա այնքանով, որքանով կարողացել ենք, ստացել ենք այնքան քվե, որքան որ արժանի ենք եղել։ Եվ այս առումով, ես չեմ կարծում, թե այդ ձայները փոշիացել են, առավել ևս, որ այդ ձայները չէին գնալու որևէ այնպիսի քաղաքական ուժի, որը անցողիկ շեմը հատել է, և այնպես չէ, որ ինչ-որ մի բան գետնի վրա այլ կերպ էր լինելու, եթե մենք չառաջադրվեինք։
-Այն մարդիկ ովքեր ձեզ ձայն են տվել ինչպե՞ս են արձագանքել։
-Այն մարդիկ, ովքեր մեզ ձայն են տվել, այդ մարդիկ հստակ իմացել են, որ սա ինքնալուծարվող կուսակցություն է։ Դա գրված է եղել մեր կայքում, դա եղել է մեր քարոզչական նյութերում՝ հոլովակներից մինչև բոլոր տեսակի քարոզչական նյութեր։ Մենք դրա մասին խոսել ենք։ Եվ չեմ կարծում, թե կոռեկտ է, որ այլ քաղաքական ուժեր մեր ու մեզ ընտրող քաղաքացու արանքն են մտնում՝ փորձելով իրենց օրակարգերը, կարիքները, ակնկալիքները փաթեթավորել այնպես, որ դա մեր ընտրողի կարիքներն է։ Մեր ընտրողը հրաշալի իմացել է՝ մենք ինչ ենք ասում և այդուհանդերձ որոշել է քվեարկել մեզ, որի համար մենք շատ շնորհակալ ենք։ Եվ մենք ճշգրիտ, կետ առ կետ կատարում ենք այն ամենը, ինչ խոստացել ենք մեր ընտրողներին։ Մեզ մոտ չի ստացվել ստանալ այնքան ձայն, որ օրակարգը կյանքի կոչենք, բայց դա չի չեղարկում մեր տված խոստումները, այդ թվում այն խոստումը, որ մենք իրարից տարբեր մարդիկ ենք և չենք պատրաստվում «Բոլորին դեմ» մարդկանց կարծիքն ու քվեն շահարկել, օգտագործել մեր սեփական քաղաքական ամբիցիաների ու պլանների համար։ Մենք կամ պիտի կարողանայինք փոխել քաղաքական համակարգի խաղի կանոնները, կամ «Բոլորին դեմ» բրենդով իրավունք չէինք ունենալու որևէ այլ բան անելու։ Եվ հետևաբար, «Բոլորին դեմ»-ը ինքնալուծարվում է այնպես, ինչպես խոստացել է։ Ես հասկանում եմ, որ քաղաքական դաշտում ընդունված չէ խոստումները պահել, ինչևէ, պետք է կամաց-կամաց սովորել դրան։
Լիլիթ Աբրահամյան
