Հայաստանի Ընտրական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները փաստացիորեն մեկուսացնում են Սփյուռքին իր երկրի ու ժողովրդի հասարակական-քաղաքական կյանքին մասնակցելուց։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նրա խոսքով՝ հայկական անձնագիր ունեցող մարդիկ այսպիսով զրկվում են իրենց հիմնարար իրավունքների մի մասից՝ ընտրություններին մասնակցելու իրավունքից։ Նա նշել է, որ սա հիշեցնում է Մոլդովայում տիրող իրավիճակը, որտեղ իշխանություններն ընտրարշավի ժամանակ ամեն ինչ անում էին, որպեսզի Ռուսաստանում գտնվող իրենց հայրենակիցները չկարողանան քվեարկել։
Զախարովան հավելել է, որ հայկական հասարակության մեջ նման նախաձեռնություններն իշխանամետ ռեսուրսների կողմից մատուցվում են որպես պայքար «Կրեմլի առասպելական հիբրիդային հարձակումների» դեմ։
Հիշեցնենք, որ հուլիսի 2-ին Հայաստանի խորհրդարանն արտահերթ նիստ կգումարի՝ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու հարցը քննարկելու համար։ Ըստ այդմ՝ քվեարկելու հնարավորություն կունենան միայն այն քաղաքացիները, որոնք ընտրություններից առաջ առնվազն 48 օր (արտահերթ ընտրությունների դեպքում՝ 28 օր) բնակվել են երկրում։ Նախատեսվում է փոփոխություններն ընդունել արագացված ընթացակարգով և ուժի մեջ մտցնել հաջորդ իսկ օրվանից։