Թրամփն ավելի քան 1,4 մլրդ դոլարի եկամուտ ունի կրիպտոնախագծերից – armeniatoday.am

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2025 թվականին ավելի քան 1,4 մլրդ դոլարի եկամուտ է հայտարարագրել կրիպտոարժութային նախագծերից, գրում է Reuters-ը՝ հղում անելով նրա ֆինանսական հայտարարագրին։

Գործակալության տվյալներով՝ այդ գումարից 635 մլն դոլարը ստացվել է TRUMP մեմ-մետաղադրամների վաճառքից։

Reuters-ի փոխանցմամբ՝ Թրամփը գրեթե 800 մլն դոլար եկամուտ է հայտարարագրել World Liberty Financial կրիպտոնախագծից, այդ թվում՝ ավելի քան 520 մլն դոլար՝ կրիպտոարժութային թոքենների վաճառքից, և ավելի քան 250 մլն դոլար՝ այդ բիզնեսում բաժնեմասերի վաճառքից։

Associated Press-ը նշում է, որ 2025 թվականին Թրամփի ընտանեկան բիզնեսը տասնյակ միլիոնավոր դոլարների եկամուտ է ստացել արտերկրում հյուրանոցների, հանգստավայրերի և բնակելի համալիրների նոր գործարքներից, այդ թվում՝ ԱՄԷ-ում, Սաուդյան Արաբիայում, Ռումինիայում և Կատարում իրականացվող նախագծերից։ Գործակալությունը նշում է, որ այդ երկրներից մի քանիսը նույն ժամանակ ԱՄՆ-ի հետ բանակցություններ էին վարում մաքսատուրքերի, ռազմական աջակցության և այլ հարցերի շուրջ։

Վիետնամում կառուցվող Թրամփի նոր հանգստավայրի գործարքից նա նախորդ տարի ստացել է 5 մլն դոլար։ Ըստ ԶԼՄ-ների, այդ և այլ գործարքների հնարավոր ազդեցությունը ԱՄՆ քաղաքական որոշումների վրա գրեթե անհնար է պարզել, սակայն նույն ժամանակ Վիետնամը ստացել է մաքսատուրքերի մեղմացում, Քաթարը՝ առաջադեմ ամերիկյան տեխնոլոգիաների հասանելիություն, իսկ Սաուդյան Արաբիան՝ երկար տարիներ ցանկալի ամերիկյան կործանիչներ։

Թրամփի ընտանիքի հետ կապված կրիպտոնախագծերը ներառում են World Liberty Financial-ը և TRUMP մեմ-մետաղադրամը։ 2025 թվականին թվային ակտիվները դարձել են ԱՄՆ նախագահի եկամուտների հիմնական աղբյուրներից մեկը։

Leave a Comment