Հանրային հեռուստաընկերության նախկին փոխտնօրեն Տիգրան Վիրաբյանը նշանակվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում կատարվել են կադրային փոփոխություններ։ Հասմիկ Ավագյանն ու Դանիել Դանիելյանը ազատվել են նախարարի տեղակալի պաշտոններից, իսկ փոխնախարար է նշանակվել Տիգրան Վիրաբյանը։

Տիգրան Վիրաբյանը հայտնի է հատկապես Հանրային հեռուստաընկերությունում ունեցած իր գործունեությամբ․ 2020 թվականից նա աշխատել է որպես փոխտնօրեն և գլխավոր պրոդյուսեր՝ զբաղվելով հեռուստաընկերության բովանդակային և կազմակերպչական աշխատանքներով։

Նրա կարիերան սկսվել է մշակութային ոլորտից․ նա աշխատել է Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում՝ նախ որպես պրոդյուսեր, ապա՝ տնօրեն։ 2018 թվականին նշանակվել է Երևանի քաղաքապետի տեղակալ, որտեղ զբաղվել է քաղաքային կառավարման տարբեր ուղղություններով։

Վիրաբյանը 2022 թվականից նաև ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամ է։

Leave a Comment