Ավիաընկերությունները ֆոն դեր Լայենին խնդրել են մեղմացնել սահմանային ստուգումները

Եվրոպական օդանավակայանների և ավիաընկերությունների ներկայացուցիչները կոչ են արել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին քննարկել ուղևորափոխադրումների ակտիվ ժամանակահատվածներում ելումուտի համակարգի ստուգումների ժամանակավոր դադարեցման հարցը, հաղորդում է Financial Times (FT)-ը։

Ըստ թերթի՝ համապատասխան նամակն ուղարկվել է ACI Europe-ի, Եվրոպական օդանավակայանների ասոցիացիայի, «Եվրոպայի ավիաընկերություններ» կազմակերպության և Միջազգային օդային տրանսպորտի ասոցիացիայի կողմից։ Նրանք զգուշացրել են, որ ամառային զբոսաշրջային սեզոնի լարված ժամանակահատվածում ստուգումները կարող են հանգեցնել սահմանին զգալիորեն ավելի երկար հերթերի և չվերթների ուշացումների։ Նամակի հեղինակները առաջարկել են թույլատրել օդանավակայաններին ամբողջությամբ դադարեցնել ստուգումները հուլիս և օգոստոս ամիսներին, եթե ուղևորափոխադրումները գերազանցում են սահմանային ենթակառուցվածքների հզորությունը։

Ինչպես նշում է FT-ն, նոր համակարգը պահանջում է, որ ԵՄ անդամ չհանդիսացող երկրների քաղաքացիները գրանցվեն մատնահետքերի և լուսանկարների միջոցով։ Արդյունաբերության ներկայացուցիչների խոսքով՝ ուղևորներն արդեն իսկ բախվում են ժամերով երկար հերթերի մի շարք օդանավակայաններում, և որոշ չվերթներ ստիպված են մեկնել դատարկ նստատեղերով, քանի որ որոշ ուղևորներ չեն կարողանում ժամանակին անցնել սահմանային վերահսկողությունը։

Ապրիլի 10-ից Շենգենյան գոտում սկսվել էր սահմանային վերահսկողության նոր դարաշրջան։ EES-ը փոխարինել է անձնագրային դրոշմանիշներին և յուրաքանչյուր ելումուտ գրանցվում է թվային ձևով։

Կարդացեք նաև՝ 
ԵՄ սահմանի հատման նոր կանոնները. ինչ պետք է իմանան ճանապարհորդները

Leave a Comment