Մեքսիկայի հավաքականը երկու անպատասխան գնդակ ուղարկեց Էկվադորի դարպասն ու հաջորդ փուլ դուրս եկավ

Մեքսիկայի ազգային հավաքականը Աշխարհի առաջնության 1/16 եզրափակչում 2:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ Էկվադորի ընտրանու նկատմամբ: 

Մեխիկոյում եղանակային վատ պայմանների պատճառով հանդիպման մեկնարկը հետաձգվեց մեկ ժամով: 

Մեքսիկայի հավաքականը առաջին խաղակեսում ակտիվ գործողություններով ճնշում էր մրցակցին: Մեկնարկում երկու անգամ վտանգավոր պահ ստեղծեց Խիլբերտո Մորան, իսկ Ռաուլ Խիմենեսի գլխով հարվածից հետո գնդակը շեղ ընթացավ: Էկվադորի հավաքականը հազվադեպ էր հակագրոհում, սակայն դրվագներից մեկում Ջոն Յեբոայի հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին: 

Հանդիպման 22-րդ րոպեին Մեքսիկան բացեց հաշիվը. Խուլիան Կինյոնեսը գրավեց մոտակա անկյունը՝ խփելով իր երրորդ գոլն այս առաջնությունում:

Խաղակեսի կեսերին Ռաուլ Խիմենեսը կրկնապատկեց Մեքսիկայի առավելությունը: 

Մեքսիկայի հավաքականը երկրորդ կեսում անցավ ավելի պաշտպանողական ու զգուշավոր խաղի՝ սահմանափակելով մրցակցի հնարավորությունները: Դրան զուգահեռ, մեքսիկացիները շարունակում էին վտանգավոր պահեր ստեղծել:

Էկվադորի հավաքականին այդպես էլ չհաջողվեց փոխել խաղի ընթացքը, իսկ հանդիպման վերջնամասում թիմի պաշտպան Պիերո Ինկապիեն հեռացվեց դաշտից մրցավարի հետ վիճաբանության և բերանը ծածկած խոսելու պատճառով, ինչը այս առաջնության նոր կանոններից է:

Մեքսիկայի հավաքականն ընթացիկ առաջնությունում արձանագրեց իր չորրորդ անընդմեջ «չոր» հանդիպումը՝ ոչ մի գնդակ բաց չթողնելով: 1/8 եզրափակչում Մեքսիկան կհանդիպի Անգլիա – Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն զույգի հաղթողին: Այս թիմերի հանդիպումը տեղի կունենա հուլիսի 1-ին՝ ժամը 20:00-ին։

Գլխավոր լուսանկարը՝ FIFA-ի պաշտոնական կայքից



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Comment