Տարօրինակ զուգատիպությամբ Սրբուհի Գալյանի ներկայացրած օրինագծով ՍԴ դատավորները բարձրացված աշխատավարձերը ստանում են հունիսից

Սույն թվականի մարտին ՀՀ արդարադատության նախարարությունը շրջանառության մեջ դրեց «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն  և արդեն մարտի 24-ին ԱԺ-ում նախարար Սրբուհի Գալյանի զեկուցումից հետո այն առաջին ընթերցմամբ ընդունվեց ՔՊ խմբակցության և այն լքած  պատգամավորների 69 կողմ ձայներով, նախագծին դեմ էին  7 և ձեռնպահ` 22  պատգամավոր։ Մարտի 25-ին արդեն երկրորդ  ընթերցմամբ ԱԺ-ն ընդունեց այն։

Օրենքի նախագծում մասնավորապես ասվում է.

«…Հոդված 2. Օրենքի 12-րդ հոդվածում՝

1) 1-ին մասում «հավելավճար» բառը փոխարինել «հավելում» բառով.

2) լրացնել նոր 2-րդ մաս՝ հետևյալ բովանդակությամբ.

«2. Սահմանադրական դատարանի նախագահին, փոխնախագահին և դատավորին  Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում աշխատանքային ստաժի համար վճարվում է հավելավճար պաշտոնավարման երկրորդ տարում՝ 20 %-ի չափով, երրորդ տարում՝ 35 %-ի չափով, չորրորդ տարվանից սկած յուրաքանչյուր հաջորդ տարում՝ նախորդ տարվա համար նախատեսված հավելավճարի չափից 10 % ավել չափով:»:

Հոդված 3. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող ամսվա 1-ից:

2. Սույն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված հավելավճարի հաշվարկման համար հաշվի են առնվում սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահի դրությամբ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում աշխատած լրիվ տարիները:

 «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագծերի ընդունմամբ 2026 թվականի համար Սահմանադրական դատարանի նախագահի, փոխնախագահների և 7 դատավորների մասով տվյալ պաշտոններում պաշտոնավարման դիմաց աշխատանքային ստաժի հիման վրա վճարվելիք հավելավճարի մասով 46.775.040 ՀՀ դրամի (Սահմանադրական դատարանի նախագահ՝ 7.787.520 ՀՀ դրամ, փոխնախագահ՝ 5.790.720 ՀՀ դրամ, 7 դատավորներ՝ 33.196.800 ՀՀ դրամ) ծախսն իրենից ենթադրում է լրացուցիչ ծախսային պարտավորություն»:

Հիշեցնենք, որ Սրբուհի Գալյանը ԱԺ-ում հիմնավորելով օրենքների փաթեթը՝ հայտարարեց. «Նախագծերով առաջարկում ենք վերանայել Սահմանադրական դատարանի դատավորների վարձատրությունը՝ հաշվի առնելով այն, որ ներկայում ՍԴ դատավորների վարձատրությունն իր կառուցվածքով և չափերով համարժեք չէ նրանց բարձր իրավական կարգավիճակին, սահմանադրական լիազորությունների ծավալին և գործունեության համար բնորոշ բարձր պատասխանատվության աստիճանին»։

Կարգավորումը ուժի մեջ է մտել մայիս ամսին և ՍԴ դատավորները բարձրացրած  աշխատավարձը սկսել են ստանալ ԱԺ ընտրությունների անցկացան ամսվա ընթացքում՝ հունիսին։ 

Leave a Comment