Ռուսաստանում ուկրաինական հարվածներից հետո վառելիքի շուկայի շուրջ ստեղծված իրավիճակը նոր մտահոգություններ է առաջացրել նաև Հայաստանում։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը արդեն ընդունել է, որ հարվածների հետևանքով երկրի էներգետիկ ենթակառուցվածքներում խնդիրներ և վառելիքի որոշակի պակաս կա, թեև պնդում է՝ իրավիճակը դեռևս կրիտիկական չէ։
Ռուսաստանը փորձում է արագ վերականգնել նավթավերամշակման վնասված գործարանները, ավելացնել վառելիքի ներմուծումն ու ուժեղացնել դրանց հակաօդային պաշտպանությունը։ Սակայն, եթե արտահանման սահմանափակումները երկարատև լինեն, դա կարող է անդրադառնալ նաև այն երկրների վրա, որոնք զգալի ծավալներով վառելիք են ներմուծում Ռուսաստանից, այդ թվում՝ Հայաստանի։
Տնտեսագետ Կարեն Սարգսյանի գնահատմամբ՝ այս պահին խուճապի կամ վառելիքի դեֆիցիտի սպասումներ չկան։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը համաշխարհային բենզինի շուկայում այնքան մեծ մասնաբաժին չունի, որ միայն իր արտահանման սահմանափակումը միջազգային գների կտրուկ աճ առաջացնի.
«Եթե մեր շուկայում որոշակի սպեկուլյատիվ ինչ-որ տենց խաղեր չգնան, այսինքն՝ փորձեն արհեստականորեն գին բարձրացնել և այլն, այսինքն՝ համաշխարհային շուկայում, համենայնդեպս, գնի բարձրացում չի լինի։ Իհարկե Ռուսաստանից բերված բենզինը փոքր-ինչ ավելի էժան է եղել, քան, այսինքն, օրինակ, ռումինական բենզինը, բայց մյուս կողմից, եթե հիշում եք, ադրբեջանական բենզինը է՛լ ավելի էժան գնով վաճառվեց, հիմա չնայած գները ոնց որ հավասարվել են»։
Տնտեսագետը հիշեցնում է՝ թեև Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի հիմնական մատակարարը, վերջին տարիներին ներմուծման աշխարհագրությունը զգալիորեն ընդլայնվել է.
«2024 թվականի արդյունքներով, իհարկե, էապես, կարծեմ, սա չի փոխվել, միայն Ադրբեջանը 2025 թ․-ին ավելացել է, բայց ոչ մեծ ծավալով։ Տեսեք, Ռուսաստանի Դաշնությունից ներկրումը 66 % է կազմում, 13․8 %՝ Մալթայից, 12․5 %՝ Բուլղարիայից, Ռումինիայից՝ 5․5 %, Թուրքիայից՝ 1 ու 45 %, և այլ երկրներից, որի մեջ մտնում է նաև հարևան Իրանը, ինձ թվում է նաև էս դեպքում՝ Ադրբեջանը, որտեղ էս պահի դրությամբ Ադրբեջանի մատակարարումները շատ ասենք, քիչ ծավալ են կազմում, դա կազմում է ընդամենը 0․7 %»։
Կարեն Սարգսյանի խոսքով՝ հենց այս այլընտրանքային ուղղություններն են նվազեցնում կախվածությունը մեկ մատակարարից և անհրաժեշտության դեպքում կարող են լրացնել հնարավոր բացերը։
Մասնագետը նաև ընդգծում է, որ Հայաստանի օրենսդրությամբ նախատեսված են ռազմավարական պաշարներ, և վառելիք ներկրող ընկերությունները պարտավոր են պահուստներ ձևավորել, որպեսզի կարճաժամկետ խափանումների դեպքում շուկայում դեֆիցիտ չառաջանա։
Եթե, սակայն, տարածաշրջանում իրավիճակը սրվի, և մատակարարումները խաթարվեն ոչ միայն Ռուսաստանից, այլև այլ ուղղություններից, ապա դա կարող է անդրադառնալ ոչ միայն բենզինի ու դիզվառելիքի, այլև բեռնափոխադրումների, գյուղատնտեսության, շինարարության և, ընդհանուր առմամբ, ապրանքների ինքնարժեքի վրա։
Առայժմ, սակայն, տնտեսագետի գնահատմամբ, Հայաստանի համար առավել հավանական սցենարը մնում է ոչ թե վառելիքի պակասը, այլ գների հնարավոր սահմանափակ տատանումները՝ պայմանավորված արտաքին զարգացումներով։
Մանրամասները՝ տեսանյութում։
