«Ազգ» օրաթերթի 1995թ. հուլիսի 27-ի համարում լույս էր տեսել փոքր ռեպորտաժ՝ Առաջին գումարման ԱԺ ընտրություններից հետո պատգամավորական մանդատների հանձնման մասին՝ «Պատգամավորական մանդատներ հանձնվեցին հանդիսավորությամբ. ընդդիմությունը չմասնակցեց հանդիսությանը» վերնագրով։
Radar Armenia-ն ներկայացնում է այդ հրապարակումը.
«Խորհրդարանի Ոսկեզօծ դահլիճում հուլիսի 26-ին հանդիսավոր պայմաններում տեղի ունեցավ Ազգային ժողովի պատգամավորների մանդատների հանձնման արարողությունը։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Ամիրյանը հայտարարեց, որ ԿԸՀ-ն 154 մանդատ է հաստատել արդեն, այսինքն Ազգային ժողովը 81 տոկոսով կայացել է։ Մանդատներից 122-ը հաստատվել են մեծամասնական ընտրակարգով, իսկ 32-ը համամասնականով։ Նշված 154-ից բոլորը չէ, որ ներկա էին հանդիսությանը, բացակայում էր նաև փոքրաթիվ ընդդիմությունը։ Ներկաները մեծ մասամբ նախկին գործընկերներ էին, որոնք բուռն ծափահարություններով ու ողջագուրանքով դիմավորեցին միմյանց։
Ի դեպ, կուսակցությունների ներկայացրած համամասնական ցուցակներում փոփոխություններ են տեղի ունեցել, շատերն Ազգային ժողով են անցել ոչ ըստ հաջորդականության։ Հավաստի տվյալներով փոփոխություն է կատարվել նաև «Շամիրամի» կազմում։ Ազգային ժողովի շրջանակներում արդեն բարձրաձայն են խոսում վաղուց պտտվող այն լուրի մասին, ըստ որի արտգործնախարարի տիկին Անահիտ Թորոսյանը հրաժարվել է պատգամավորի իր մանդատից։ Սակայն մեր հարցմանն ԱԺ մամուլի կենտրոնի ղեկավարը պատասխանեց, որ հրաժարականի վերաբերյալ տիկին Թորոսյանից պաշտոնական գրություն չի ստացվել։ Մանդատների հանձնումից հետո պրն․ Ամիրյանը հայտարարեց նաև, որ պատգամավորներն արդեն կարող են ծանոթանալ ԱԺ նիստերի դահլիճում հաստատված իրենց տեղերին և հրաժեշտից առաջ մեկ անգամ էլ հիշեցրեց, որ առավոտյան ժամը 10-ին ԱԺ-ն կբացի իր առաջին նիստը։
Ս․ Պ․»։
