Բաքվում շարունակվել է առևանգված հայ պատանդների շինծու դատավարությունը – Ազգ

Բաքվի վերաքննիչ դատարանում այսօր շարունակվել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների և մյուս հայ գերիների բողոքների քննությունը:

Ադրբեջանական APA-ն հայտնում է, որ  Արցախի ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի, ինչպես նաև Դավիթ Ալահվերդյանի, Մելիքսեթ Փաշայանի «պաշտպանները խնդրել են դատարանին բեկանել փետրվարի 5-ի դատարանի վճիռն ու իրենց պաշտպանյալների նկատմամբ արդարացման դատավճիռներ կայացնել»։

Դատական նիստն ընդմիջվել է, որպեսզի «մեղադրյալներն  իրենց պաշտպանների հետ փակ, գաղտնի հանդիպումներ անցկացնելու հնարավորություն ունենան»։

Դավիթ Իշխանյանը նախ միջնորդություն է ներկայացրել՝ դատարանին խնդրելով քրեական գործի նյութերին կցել իր կողմից պատրաստված վերաքննիչ բողոքի և դիմումի կրկնօրինակները: Նա նաև նշել է, որ համաձայն չէ իրեն առաջադրված մեղադրանքին։

Իսկ Արցախի ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանի և Մադաթ Բաբայանի «պաշտպանները» փոխվել են, քանի որ  փաստաբանները չէին կարողացել մասնակցել նիստին առողջական խնդիրների պատճառով։

Leave a Comment