ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարել է, որ TRIPP տրանսպորտային նախագիծը կարող է արդյունավետ իրականացվել միայն Ռուսաստանի մասնակցությամբ, և Մոսկվայի կարծիքը պետք է հաշվի առնվի։
Թեմայի շուրջ Radar Armenia-ն զրուցել է քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանի հետ։
– Որքանո՞վ է իրականում Մոսկվայի մասնակցությունը պարտադիր նման նախագծի համար։
-Ստույգ պատասխանելու համար պետք է նախ հասկանալ, թե այդ նախագիծն առավել մանրամասն իրենից ինչ է ներկայացնում, որովհետև մենք հիմա ունենք ընդամենը նախագծի շրջանակային սկզբունքների արձանագրումը, և առանձնակի դետալներ չկան։ Բացի դրանից, կա նաև մի քանի ամիս առաջ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի պատասխանը «Արմենպրես» գործակալության հարցին, որ քննարկումներ են ընթանում երրորդ կողմի հետ։ Թեպետ չէր նշվել, թե որ երրորդ կողմի մասին է խոսքը։ Այլ կերպ ասած՝ մենք տեսնում ենք, որ TRIPP-ն ունի խորագիր, բայց դրա բովանդակությունը կա՛մ չկա, կա՛մ այդ բովանդակության մանրամասները մեզ հասանելի չեն, այսինքն՝ հասանելի չեն Հայաստանի հանրությանը։ Այդ տեսանկյունից դժվար է ասել, թե, օրինակ, առանց Ռուսաստանի հնարավո՞ր է իրականացնել ծրագիրը, թե՞ ոչ։ Կամ՝ առանց Իրանի հնարավո՞ր է ծրագիրն իրականացնել, թե՞ ոչ, որովհետև գիտենք նաև Իրանի վերաբերմունքի մասին։ Հստակ ձևակերպումը եղել է նախորդ տարեվերջին, երբ Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Վիլայաթին հայտարարել էր, որ իրենց համար այդ ծրագիրը նույնն է, ինչ «Զանգեզուրի միջանցքը», և իրենք կտրականապես դեմ են դրա իրականացմանը։ Վճռորոշությունը գնահատելու համար պետք է հասկանալ, թե այդ ծրագիրն առհասարակ իրենից ինչ է ներկայացնում՝ շատ հստակ անելիքների իմաստով։ Առայժմ մենք ունենք ընդամենը շրջանակային համաձայնագիրը։ Ընդ որում, ինքնին շրջանակային համաձայնագրի ստորագրումը բավականին տարօրինակ գործընթաց էր։
Հիշեցնեմ՝ մայիսի 26-ին Երևան ժամանեց պետքարտուղար Մարկո Ռուբիոն, և նախաստորագրվեց շրջանակային համաձայնագիրը։ Մի քանի օր անց Պետքարտուղարության պատվիրակությունը գնաց Բաքու, որտեղ մոտ 8 միլիարդ դոլարի ներդրումային համաձայնություններ եղան, և նույն օրը պարզվում է, որ Ռուբիոն Վաշինգտոնում արդեն ստորագրել է «Թրամփի ուղու» վերաբերյալ շրջանակային համաձայնագիրը, իսկ Երևանը այն ստորագրում է երեք օր անց՝ հունիսի 4-ին։ Միայն այդ ժամանակ Հայաստանի հանրությանը հայտնի դարձավ, որ Ռուբիոն այն ստորագրել էր հունիսի 1-ին։
-Գալուզինի խոսքով՝ «Թրամփի ուղին» անցնելու է տարածքով, որտեղ տասնամյակներ շարունակ ռուս զինվորներն են պահպանում Հայաստանի սահմանը Թուրքիայի և Իրանի հետ։ Սա ի՞նչ է նշանակում տարածաշրջանային վերահսկողության տեսանկյունից։
-Այս տեսանկյունից շատ ավելի բաց ենթատեքստով խոսել էր Ռուսաստանի փոխվարչապետ Օվերչուկը՝ հունիսի 2-ին «ՏԱՍՍ» գործակալությանը տված հարցազրույցում։ Դրան փաստորեն անմիջապես հաջորդեց Նիկոլ Փաշինյանի հայտնի մոսկովյան այցը։ Օվերչուկն իր հարցազրույցում հիշատակում էր Թուրքմենչայի ռուս-պարսկական պայմանագիրը և նշում, որ տարածաշրջանային ստատուս քվոն այդ գոտում սահմանված է այդ պայմանագրով, և դա է, որ կարող է ապահովել անվտանգությունը։ Եթե այդ ստատուս քվոն խախտվում է, ապա անվտանգություն լինել չի կարող։ Նա նաև նշում էր, որ «Թրամփի ուղու» ծրագիրը փաստացի խախտում է Թուրքմենչայի պայմանագրով հաստատված ստատուս քվոն։ Սա աննախադեպ ձևակերպում էր։ Ըստ իս՝ Ռուսաստանը մինչև այդ և նույնիսկ դրանից հետո առայսօր այդ թեմայով ավելի կոշտ և հստակ գնահատական չի տվել։ Սա շատ ավելի էական է, քան այն, ինչ, օրինակ, ասում է Գալուզինը կամ Ռուսաստանի որևէ այլ պաշտոնյա։ Այստեղ հարց է առաջանում, թե արդյոք այդ ժամանակագրությունը պատահակա՞ն էր։ Այսինքն՝ Մոսկվայում ի՞նչ քննարկումներ են եղել այդ թեմայով, որ անմիջապես հետո հնչեց Օվերչուկի այդ հարցազրույցը։ Սա, թերևս, ամենաէական հայտարարությունն է, որ այս թեմայով երբևէ արել է Ռուսաստանը։
– Իսկ առհասարակ ինչո՞ւ է վերջին շրջանում Ռուսաստանից բարձր մակարդակով կոշտ արձագանքներ հնչում, ի՞նչ ենթատեքստեր կան։
-Ես կարծում եմ՝ այստեղ գլխավոր հասցեատերը Հայաստանը չէ, այլ, մեծ հավանականությամբ, Եվրամիությունը, որովհետև տեսնում ենք, որ Եվրոպական միությունը փորձում է ակտիվորեն առաջ մղել տրանսկասպիական տրանսպորտային միջանցքի ձևավորման իր ռազմավարական ծրագրերը։ Ռուսաստանն իր վարքագծի հիմնական հասցեատեր դիտարկում է հենց Եվրամիությանը, թեև, իհարկե, կան նաև առանձին դերակատարներ։ Նույնիսկ եվրոպական շրջանակը քննարկելիս հնարավոր է, որ գործ չունենանք բացարձակ «մոնոլիտ» դիրքորոշման հետ։ Հնարավոր է նաև, որ Ռուսաստանի այս վարքագիծը պայմանավորված լինի ռուս-ամերիկյան պայմանավորվածություններում կամ համաձայնություններում տեղի ունեցող տրանսֆորմացիաներով։ Տեսնում ենք, որ Մոսկվայից ավելի հաճախ են խոսում Ալյասկայում Պուտինի և Թրամփի հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների մասին՝ նշելով, որ դրանք կորցնում են իրենց ոգին և այլն։
Ուզում եմ հիշեցնել, որ «Թրամփի ուղու» ծրագիրը ստորագրվեց օգոստոսի 8-ին, երբ դրանից երկու օր առաջ Մոսկվայում Թրամփի հատուկ բանագնացները շուրջ երեք ժամ բանակցել էին Պուտինի հետ, և հենց այդ հանդիպման ընթացքում էլ ձեռք էր բերվել Ալյասկայում Թրամփ-Պուտին հանդիպման պայմանավորվածությունը։ Այսինքն՝ «Թրամփի ուղին» ստորագրվեց այդ բանակցություններից երկու օր անց։ Ես բազմիցս նշել եմ, որ, իմ խորին համոզմամբ, այդ հանդիպմանը չէր կարող չքննարկվել նաև այն, ինչ տեղի ունեցավ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում։ Հիմա հնարավոր է, որ ժամանակի ընթացքում այստեղ ինչ-որ տրանսֆորմացիաներ են տեղի ունենում, համաձայնությունների տատանումներ, շեղումներ, և Ռուսաստանի հայտարարությունները, ըստ իս, պայմանավորված են նաև այդ հանգամանքով։
