Հատկապես մեր ժամանակներում և պայմաններում կամ իրավիճակում պատերազմի չգոյությունը չի նշանակում խաղաղության հաստատում և պատերազմի սպառնալիքի վերացում, այնպես, ինչպես երկրաշարժի, փոթորիկի, հրդեհի, ջրհեղեղների` տվյալ պահի չգոյությունը չի նշանակում, որ դրանք երբևէ տեղի չեն ունենալու և կարիք չկա համապատասխան պատրաստությունները կատարելու և միջոցները ձեռնարկելու ոչ միայն կանխելու, այլև պաշտպանված լինելու նման աղետներից` հատուկ չափանիշներին համապատասխան կառուցապատումներ, հասարակության իրազեկման մեխանիզմներ, փրկարարների պատրաստություն և վերապատրաստություն, տեխնիկական վերազինում և այլն: Կամ անձնական կյանքում. եթե բնակավայրում գողության հանցագործություն գոյություն չունի, չի նշանակում, որ մարդիկ հեռացնում են իրենց տների դռներն ու լուսամուտները` կողպեքներով հանդերձ, այլ ընդհակառակը` ավելացնում են հնարավոր բոլոր հավելյալ միջոցները` տեսադիտողական սարքեր, արձագանքման շչակներ և այլն, որոնք կպահպանեն տան անվտանգությունը: Եվ կամ գարնանը, ամռանը և աշնանը ձյուն չլինելու պատճառով ո՛չ ձմեռային հագուստներն են նետում և ո՛չ էլ ջեռուցման համակարգերը վերացնում: