Կարող է գնալ դատարան. առողջապահության նախարարը՝ Էդգար Ղազարյանի քրոջն աշխատանքից ազատելու մասին

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Էդգար Ղազարյանի քրոջն աշխատանքից ազատելը քաղաքական դրդապատճառներ չունի։

««Դեղերի փորձագիտական կենտրոն»-ը ՓԲԸ-ից վերածվել է ՊՈԱԿ-ի, փոխվել է ամբողջ հաստիքացուցակը։ Սրա հիման վրա աշխատանքից ազատվել են մի շարք աշխատակիցներ։ Տիկին Ղազարյանն այլ կարծիք ունի իր աշխատանքային իրավունքների մասին. մենք ապրում ենք իրավական պետությունում, կարող է գնալ դատարան, մենք կներկայացնենք մեր տեսակետը»,- ասաց Անահիտ Ավանեսյանը։

Ըստ նրա՝ եթե քաղաքական հայացքների համար որոշումներ կայացներ՝ այս որոշումը հինգ տարի չէր հետաձգի, կիրականացներ ավելի վաղ։

«Կխնդրեմ անիմաստ մանիպուլյացիաներ չանել»,- հավելեց Ավանեսյանը։

Հիշեցնենք, որ Լիլիթ Ղազարյանն ավելի վաղ ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ զրույցում պնդել էր՝ իրեն աշխատանքից ազատել են եղբոր քաղաքական հայացքների պատճառով։

Leave a Comment