ՔԿ-ն պայմանագրային զինծառայողի կրակոցների դեպքով քրվարույթ է նախաձեռնել

Վանաձորում պայմանագրային զինծառայողի կողմից արձակած կրակոցների դեպքի առնչությամբ Քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել, հայտնել է ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանը։

Ավդալյանը շեշտել է, որ մամուլում, որպես դեպքի վայր, ներկայացվում են լուսանկարներ, որոնք իրականությանը չեն համապատասխանում։

ՔԿ խոսնակը նշել է, որ զինծառայողը Վանաձորի ամայի տարածքում, համոզված լինելով, որ մոտակայքում քաղաքացիներ չկան, իրեն պատկանող ատրճանակով մի քանի անգամ կրակել է գետնին: Խոսնակը հավելել է, որ, նախնական տվյալներով, օդաճնշիչ տեսակի ատրճանակը լիցքավորված է եղել մանր գնդիկներով։

«Այդ ընթացքում նրան է մոտեցել տարածքում շրջիկ ծառայություն իրականացնող ոստիկանը, ում զինծառայողն ինքնակամ ներկայացրել է ձեռքի օդաճնշիչ ատրճանակը և հայտնել, որ այն պատկանում է իրեն»,- եզրափակել է Ավդալյանը։

Shamshyan.com-ը գրել էր, որ զինծառայողը Ֆրունզիկ Ս․-ն է, դեպքը տեղի է ունեցել հունիսի 28-ին։

Leave a Comment