
ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը և ԱՄՆ նախագահի փեսան՝ Ջարեդ Քուշները, այսօր Դոհայում կհանդիպեն Կատարի վարչապետ Մուհամմեդ բեն Աբդուլռահման Ալ Թանիի հետ և նրա հետ կքննարկեն Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ հնարավոր համաձայնագրի մանրամասները։ Այդ մասին, հղում կատարելով Սպիտակ տան իր աղբյուրներին, X սոցիալական ցանցում հայտնել է Axios-ի թղթակից Բարաք Ռավիդը։
ԱՄՆ-ի և Կատարի միջև բանակցությունները կանցկացվեն Դոհայում նախատեսված՝ Վաշինգթոնի և Թեհրանի ներկայացուցիչների միջև խորհրդակցությունների շրջանակում։ Սթիվեն Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները նախատեսում են հանդիպումներ ունենալ նաև Կատարի ղեկավարության այլ ներկայացուցիչների հետ։
Վաղը ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները առանձին բանակցություններ կվարեն Կատարի և Պակիստանի միջնորդների հետ։