Լեհաստանը Ուկրաինային չի փոխանցի ՄիԳ-29 կործանիչներ

Լեհաստանը Ուկրաինային չի փոխանցի ՄիԳ-29 կործանիչներ

Լեհաստանը Ուկրաինային չի փոխանցի ՄիԳ-29 կործանիչներ, քանի որ Կիևը հրաժարվել է կիսվել անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) արտադրության տեխնոլոգիաներով. ասել է Լեհաստանի ազգային պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը։

Նախարարի խոսքով՝ Կիևին առաջարկվել է «ՄիԳ-եր՝ դրոնների դիմաց» մոտեցումը, քանի որ Ուկրաինան զգալի տեխնոլոգիական հնարավորություններ ունի անօդաչուների արտադրության ոլորտում, և նման փոխանակումը օգտակար կլիներ երկու երկրների ռազմական համագործակցության համար։

Կոսինյակ-Կամիշը լեհական Polsat News հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ ուկրաինական իշխանություններն սկզբում տվել են իրենց համաձայնությունը, սակայն չեն կատարել պայմանավորվածությունները։

«Ես առաջարկեցի, ինչպես ինձ է թվում, գործընկերության վրա հիմնված մոտեցում՝ ՄիԳ-եր՝ դրոնների դիմաց։ Ուկրաինացիներն սկզբում ընդունեցին դա, բայց չիրականացրին, ուստի Ուկրաինայի համար ՄիԳ-եր չեն լինի, քանի որ Լեհաստանը չունի անօդաչուներ կամ դրանց օգտագործման հնարավորություններ»,- ասել է Լեհաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը։

Նախարարը հայտարարել է, որ Լեհաստանի ներկայիս կառավարությունը շատ ավելի կոշտ դիրքորոշում ունի իր ազգային շահերը պաշտպանելու հարցում. «Մենք, ի տարբերություն նախորդ կառավարության, ոչ թե պարզապես ասում ենք, որ սուբսիդավորելու ենք, այլ ակնկալում ենք համերաշխության սկզբունք։ Համերաշխության սկզբունքը հետևյալն է՝ դու օգնում ես, բայց երբ քո գործընկերը տեսնում է, որ կարող է քեզ աջակցել, կարող է քեզ նոր լուծումներ ցույց տալ, նա կիսվում է այդ տեղեկատվությամբ»։

Leave a Comment